Վաղարշապատի Գրիգոր Նարեկացու անվան թիվ 2 ավագ դպրոցի աշակերտ Ալբերտը դասամիջոցին միջանցքում աշակերտների ներկայությամբ հայհոյել է, և ավելի ուշ` դպրոցի տնօրեն Սուսաննա Նազարյանի ներկայությամբ, հաստատել է` նման բան է եղել:
Երբ դպրոցի տնօրենն աշակերտին ասել, որ ներողություն խնդրի ընկերներից, Ալբերտը, ի պատասխան տնօրենի, հրել է նրան: Վերջինս ընկել է հետևում գտնվող պահարանների վրա: Այդ միջադեպին ականատես են եղել Ալբերտի դասղեկը, դպրոցի փոխտնօրենը, 3 աշակերտներ և Ալբերտի տատիկը: Վերջինս բարկացել թոռնիկի վրա: Այս պատմությունն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց Վաղարշապատի Գրիգոր Նարեկացու անվան թիվ 2 ավագ դպրոցի նախկին տնօրեն Սուսաննա Նազարյանը: Իր բնորոշմամբ` Ալբերտին կարգապահական նկատողության ենթարկելուց հետո նրա տատիկը` Բահար Եղիազարյան Մահմեդին, ով աշխատում է նույն դպրոցում, որպես պատմության ուսուցչուհի, լինելով ազգությամբ ադրբեջանցի (Ջուլֆիդարովա Բահար Մահմեդովնա) և պապիկը Սիրեն Եղիազարյանը` Էջմիածինի քաղաքապետի խորհրդականն ավելի ուշ միջադեպը սկսել են «բարդել» դպրոցի տնօրենի վրա:
Այդուհետև «168» ժամ թերթում հրապարակվել էր հոդված Վաղարշապատի Գրիգոր Նարեկացու անվան թիվ 2 ավագ դպրոցում տիրող իրավիճակի վերաբերյալ և, ըստ Սուսաննա Նազարյանի`այդ հոդվածի և տեսչական ստուգումների հիման վրա ինքն ազատվել է դպրոցի տնօրենի պաշտոնից, և հարուցվել է քրեական գործ 309 հոդվածի 1-ին կետով: «Տեսչական ստուգումների ընթացքում չգրանցվեցին ոչ մի արտառոց խախտումներ` ընդհանուր առմամբ կային թերություններ»,- նշեց դպրոցի նախկին տնօրենը:
Տեղեկացնենք, որ քրեական գործն այս պահին գտնվում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասությունների դատարանում: Իսկ Սուսաննա Նազարյանը պնդում է, որ Բահար Եղիազարյանն ու վերջինիս ամուսին Սիրեն Եղիազարյանը իրեն անհիմն մեղադրում են մի շարք չկատարած գործերի մեջ: Ավելին` նա ներկայացրեց տեսանյութ Բահար Եղիազարյանի դասավանդման մեթոդների վերաբերյալ` նշելով, որ վերջինս, դասավանդելով հայոց պատմություն առարական, դասարանում բազմիցս նշել է, որ եթե հայերը չհրահրեին, ապա 1915 թվականի Մեծ եղեռնը տեղի չէր ունենա:
Iravaban.net-ն անդրադարձել էր Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննված քաղաքացիական գործն ըստ հայցի Տիգրան Տերտերյանն ընդդեմ «168 ժամ» ՍՊԸ-ի և Մարինե Մարտիրոսյանի` զրպարտության դիմաց 2.000.000 ՀՀ դրամ գումար փոխհատուցում համապարտության կարգով բռնագանձելու պահանջի մասին:
Վերոնշյալ թերթի 2011թ. մայիսի 26-27 թիվ 53 /813/ համարում հրապարակվել է հոդված, որում տեղ են գտել հետևյալ տեղեկությունները` «Ըստ Էջմիածնի բնակիչների` օրեր առաջ դպրոցի նախկին տնօրենի որդին այրել է դպրոցի փաստաթղթային արխիվը»: Նախկին տնօրենի որդին հայցվոր Համլետ Տերտերյանն է:
Դատարանում պատասխանողի ներկայացուցչի` Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի անդամ, փաստաբան Անահիտ Հակոբյանի կողմից ապացուցվել է, որ Մարինե Մարտիրոսյանը այդ տեղեկությունը լսել է Էջմիածնի բնակիչներից և հոդվածում հղում է կատարել տեղեկատվության աղբյուրին: Հետևաբար` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 5-րդ կետի ուժով լրատվության միջոցը և լրագրողը ազատվում են պատասխանատվությունից:
Դատարանը /դատավոր` Ա.Մելքումյան/ ս/թ ապրիլի 13-ին կայացրեց վճիռ` մերժեց հայցադիմումն ամբողջությամբ: Վճիռն օրինական ուժի մեջ է մտել մայիսի 13-ին:
Սուսաննա Նազարյանը պնդում է, որ իրեն անհիմն են մեղադրում և պատրաստվում է օրենքի շրջանակներում հասնել իր իրավունքների պաշտպանությանը:
Ստորև առաջարկում ենք ծանոթանալ Սուսաննա Նազարյանի ներկայացրած տեսանյութին` Բահար Եղիազարյանի դասավանդման մեթոդների վերաբերյալ: Նախկին տնօրենի խոսքով` մի անգամ դասարանում Բահար Եղիազարյանն անգամ Հայաստանի Հանրապետության քարտեզն է պատռել` պատճառաբանելով, որ այն հին է ու մաշված:
Նունե Հովսեփյան