«Պետք է պայքարես քո հայրենիքը պահելու համար»․ Դադիվանքի վանահայր

«Երբ դու գիտես, որ քո հայոց հողի վրա ես, քո հայ եկեղեցու մեջ ես, այլևս որևէ դժվարություն, որևէ վտանգ քեզ համար սպառնալիք չի կարող լինել։ 365 օր յուրաքանչյուրիս համար հնչում է՝ մի՛ վախեցիր, որովհետև վախը մեր կյանքում ամեն բան կիսատ է թողնում»,-այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին, Հովհաննավանքում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Դադիվանքի վանահայր Տեր Դերենիկ աբեղա Սահակյանը։

Նշենք, որ Մշո Սուրբ Առաքելոց վանքի Կարմիր Ավետարանը այսօր բերվեց Օհանավանի Սուրբ Հովհաննավանք եկեղեցի։ Պատարագիչ հոգևորականն էր Հայր Դերենիկը։

«Մեծ հարության տոնին հաջորդող կիրակիների հերթական հանգրվանին, որը կոչվում է Կարմիր կիրակի, կարծես պատահականության որևէ նշույլ չի թողնում մեզ հասկանալու և հասկացնելու ապրեցնող գաղափար՝ արյունով փրկություն»,-իր քարոզի ժամանակ ասաց նա։

Iravaban.net-ի հետ զրույցում Հայր Սուրբն ասաց, որ նման ուխտագնացությունները եկեղեցում շատ արժևորված, գնահատված են։

«Հրաշալի է, երբ տեսնում ես՝ եկեղեցին լեփ-լեցուն հավատացյալներով, ովքեր գալիս են իրենց Աստծուն հանդիպելու, բայց այսօրվա ուխտավորների այցելությունը նաև այլ պատկեր ու բովանդակություն ուներ, քանի որ բերվել էր Մշո Սուրբ Առաքելոց վանքի Կարմիր Ավետարանը։ Սա ուրախություն է, միևնույն ժամանակ՝ ուրախության մեջ տխրություն կա: Ուրախություն է, որ մենք հնարավորություն ունենք այդ Ավետարանը մեր ձեռքն առնելու, բայց հասկանում ենք, որ այդ Ավետարանը պետք է լիներ այնտեղ, որտեղ որ եղել է։ Այս Ավետարանի վրա է Անդրանիկ Օզանյանը երդվել։ Սա ևս մեկ անգամ գալիս է մեզ հուշելու մեր ազգի և հայ եկեղեցու կապի մասին»,-նշեց նա։

Հայր Դերենիկի խոսքով՝ պետք է հասկանալ մեկ կարևոր հանգամանք, որ յուրաքանչյուր հայորդի, յուրաքանչյուր հայդուկ եղավ այն մանանեխը, որ տնկվեց հայոց հողի վրա և գոյում են մինչև այսօր։

«Մենք այս երկրագնդի վրա ունենք մեր ուրույն տեղը։ Մենք, որպես հայ ազգ, այսօրվա ապրող սերունդ, պետք է առաքյալների պես պահենք շնորհը, որ ավանդվել է մեզ։ Երբևէ հայ ազգը չպետք է մոռանա իր երկու կարևոր ծագումնաբանության մասին՝ ինքը Հիսուս Քրիստոսի որդեգիրն է, այլևս քրիստոնյա է և Հայկ Նահապետի անկոտրում կամքի, նախահոր ժառանգն է։ Մենք պետք է մեր միջից հանենք վախը և այսօրվա քարոզի բովանդակությունը կայանում էր չվախենալու մեջ»,-նշեց Հայր Սուրբը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել