Ոչ նյութական մշակութային ժառանգություն է համարվում հանրության, խմբերի, որոշ դեպքերում առանձին անձանց կողմից որպես իրենց մշակութային ժառանգության մաս ճանաչված, կենցաղում հաստատուն տեղ զբաղեցնող սովորույթները, ավանդույթները, ծեսերը, պատկերացումներն ու արտահայտման ձևերը, գիտելիքներն ու հմտությունները, ինչպես նաև դրանց առնչող գործիքները, առարկաները, ստեղծագործությունները և մշակութային տարածքները որպես ոչ նյութական մշակութային ժառանգության նյութականացված կրիչներ.
Ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտներն են.
1) բանահյուսություն`
ա. լեզուն, բարբառները, խոսվածքները,
բ. բանավոր ավանդության բոլոր ձևերը և տեսակները.
2) ժողովրդական երաժշտարվեստ`
ա. ժողովրդական երգարվեստն իր տեսակներով,
բ. ժողովրդական նվագարանային երաժշտությունն իր տեսակներով.
3) ժողովրդական պարարվեստն իր տեսակներով.
4) ժողովրդական թատերախաղերը իրենց տեսակներով.
5) ժողովրդական տոներ.
6) մարդու կյանքի շրջափուլերի (ծնունդ, հասունություն, ամուսնություն, մահ) հետ կապված ժողովրդական սովորույթներ.
7) հասարակական, ազգակցական, ընտանեկան հարաբերությունների հետ կապված սովորույթներ.
8) ազգային հավատալիքներ ու սովորույթներ.
9) ժողովրդական կենցաղն իր դրսևորման տարբեր ձևերով.
10) տնտեսական կյանքի հետ կապված հմտություններ (երկրագործություն, անասնապահություն, ձկնորսություն, որսորդություն, առևտուր և այլն).
11) բնության վերաբերյալ պատկերացումներ և գիտելիքներ.
12) ազգային խոհանոց.
13) ազգային խաղեր.
14) ավանդական արհեստների հետ կապված հմտություններ և գիտելիքներ`
ա. ժողովրդական արհեստները և դրանց հետ կապված հմտությունները,
բ. ազգային տարազը,
գ. ժողովրդական ճարտարապետությունը, բնակարանը և կահկարասին: