Երկրագունդը սկսում է ցնցվել գլոբալ տաքացման պատճառով․ Լևոն Ազիզյան

Երկրագունդը սկսում է ցնցվել գլոբալ տաքացման պատճառով։ Այս մասին գրել է Հիդրոօդրևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Գիտնականները հայտնաբերել են գլոբալ տաքացման բազմաթիվ հետևանքներ. մասնավորապես, այն ոչ միայն արագացնում է սառցադաշտերի հալոցքը՝ բարձրացնելով։ Համաշխարհային օվկիանոսի մակարդակը, այլև հանգեցնում է սեյսմիկ ակտիվության։ Ավելին, «ցնցումներ» գրանցվում են ոչ միայն ցամաքում, այլև օվկիանոսի հատակին։

Խոսքը ոչ թե ավանդական երկրաշարժերի, այլ սեյսմիկ միկրոալիքների մասին է։ Դրանք առաջանում են, երբ օվկիանոսի ուժեղ տատանման դեպքում նրա ալիքները բարձրանում են, իսկ հետո ուժով «փլվում»՝ ազդելով ափերի և ծովի հատակի, նրա հատակային ապարների վրա։ Այս ազդեցությունները գրանցվում են զգայուն սեյսմիկ գործիքներով կայուն աղմուկի տեսքով, որը գիտնականներն անվանում են գլոբալ միկրոսեյսմ: Հետազոտությունները ցույց են տալիս, որ օվկիանոսային ալիքների գլոբալ էներգիան անցյալ դարի վերջին քսան տարում յուրաքանչյուր տարի աճել է միջինը 0,27%-ով: Այս հարյուրամյակում միջին տարեկան աճը մեծացել է մինչև 0,35%:

Ինքնին նման սեյսմիկ ակտիվությունը ոչ մի բանով չի սպառնում, սակայն այն իրադարձությունների նշան է, որոնք կարող են դառնալ աղետալի։ Միկրոսեյսմի ամենաբարձր ընդհանուր էներգիան գրանցվել է Հարավային օվկիանոսում՝ Անտարկտիդայի մոտ, իսկ վերջերս այն կտրուկ աճել է Հյուսիսային Ատլանտիկայում։ Սրանք բոլորը նախազգուշացնող նշաններ են։ Դրանք նշանակում են, որ 21-րդ դարում Համաշխարհային օվկիանոսն ավելի ուժեղ է «անհանգստանում», քան նախկինում։ Ավելին, օվկիանոսի ալիքային էներգիայի այս աճը համընկնում է մոլորակի վրա փոթորիկների ուժգնացման հետ։

Այս բոլոր երեւույթների պատճառը, ըստ գիտնականների, գլոբալ տաքացումն է։ Ինչո՞ւ։ Բացատրությունը տրվում է հետևյալ կերպ. Օվկիանոսը տասնամյակներ շարունակ կլանում է գլոբալ տաքացումը՝ կլանելով հսկայական քանակությամբ ավելորդ ջերմություն և կայունացնելով Երկրի ջերմաստիճանը: Այս կուտակված էներգիան պահանջում է ազատում: Ինչը և օվկիանոսն անում է՝ առաջացնելով ավելի ու ավելի հզոր «էներգատար» ալիքներ. դրանք ավելի ու ավելի են ցնցում Երկիրը՝ մեծացնելով կործանարար ազդեցությունը ափամերձ գոտու և հատակային ապարների վրա:

Հետազոտությունը հրապարակվել է Nature Communications ամսագրում»,-գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել