Հայաստանի Հանրապետությունում ոչ աշխատանքային` հիշատակի օրերը սահմանվում են օրենքով: Ոչ աշխատանքային` հիշատակի օրերին արգելվում է աշխատողներին ներգրավել աշխատանքում, բացառությամբ այն աշխատանքների, որոնց դադարեցումն արտադրության տեխնիկական պատճառներով անհնար է, կամ որոնք անհրաժեշտ են բնակչության սպասարկման, ինչպես նաև անհետաձգելի նորոգման և բեռնման կամ բեռնաթափման աշխատանքների կատարման համար:
Հայաստանի Հանրապետությունում հիշատակի օրերն են՝
Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնին (հունվարի 6) հաջորդող` Մեռելոց հիշատակի օրը` նշվում է հունվարի 7-ին, ոչ աշխատանքային օր:
Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրը` նշվում է փետրվարի 28-ին:
Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ նշվում է ապրիլի 24-ին, ոչ աշխատանքային օր:
Երկրաշարժի զոհերի հիշատակի օրը՝ նշվում է դեկտեմբերի 7-ին:
Հայաստանի Հանրապետությունում կառավարության որոշմամբ կարող են նշվել նաև հիշատակի այլ օրեր: Հիշատակի օրերի հետ կապված՝ կառավարությունը կարող է աշխատանքային օրերը տեղափոխել:
Սկսած 2012թ-ից Կառավարությունը, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածն ու «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը` ազգային տաղավար տոներին, Սուրբ Հարության, Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի պայծառակերպության , Սուրբ Աստվածածնի վերափոխման, Խաչվերացի տոներին հաջորդող երկուշաբթի օրերը՝ հիշատակի օրերի կապակցությամբ, որոշմամբ ճանաչում է ոչ աշխատանքային: Կառավարության նմանօրինակ որոշումների համար հիմք է հանդիսանում Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից հետո ննջեցյալների հիշատակի օր (մեռելոց) նշանակելու ընդունված կարգը:
Ոչ աշխատանքային` հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով, բացառությամբ կրճատ և ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող աշխատողների: