Դատական որոշման հետ կապված հարցերը դատարանի կողմից քննվում են դատական նիստում` դատապարտյալի մասնակցությամբ:
Եթե հարցը վերաբերում է դատական որոշման քաղաքացիական հայցի մասը կատարելուն, կանչվում է նաև քաղաքացիական հայցվորը: Նշված անձանց չներկայանալը գործի քննությանը չի խոչընդոտում:
Հիվանդության, հաշմանդամության պատճառով դատապարտյալին ազատելու կամ նրան հիվանդանոցում տեղավորելու հարցը դատարանի կողմից լուծելիս պարտադիր է եզրակացություն տված բժշկական հանձնաժողովի ներկայացուցչի ներկայությունը:
Պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժով փոխարինելու հարցը դատարանում քննելիս հրավիրվում է պատիժն ի կատար ածող մարմնի ներկայացուցիչը, որը դատարանին է ներկայացնում ուղղիչ հիմնարկի վարչակազմի կամ կարգապահական գումարտակի հրամանատարության կողմից դատապարտյալի մասին տրված գրավոր բնութագիրը:
Գործի քննարկումն սկսվում է նախագահողի կողմից միջնորդագիրը հրապարակելով, որից հետո դատարանը հետազոտում է ապացույցները և լսում է դատական նիստին ներկայացած անձանց և դատախազի կարծիքները: Վերջինը ելույթ է ունենում դատապարտյալը կամ նրա պաշտպանը: Այնուհետև` դատարանը հեռանում է խորհրդակցության` որոշում կայացնելու համար: