Տոհմածառը ազգային պատմության, տոհմի ծագման հետ կապված հիշողության, երևույթների, դեպքերի, գործընթացների խորհրդանիշ է: Ցայտուն կիրառվում է բազմաթիվ ընտանիքներում:
Տոհմածառի մասին գրավոր տեղեկությունները հանդիպում են 19-րդ դարից, բայց ծաղկում է ապրել հատկապես 20-րդ դարում և այսօր շարունակում է զարգանալ: Կենսունակ է և շարունակում է զարգանալ թե ձևի, թե բովանդակության տեսակետից:
Այսօր տոհմածառեր են կազմվում զանազան գեղարվեստական և գեղագիտական լուծումներով` աշխատելով ներառել տոհմի-ազգակցական խմբի առնվազն յոթ սերունդ` ուղղահայաց և հնարավորինս լայն` հորիզոնական ուղղություններով: Ամրագրում է ընտանեկան-արյունակից ազգակցական կապերի ուղղահայաց և հորիզոնական շերտերի` տոհմի կամ գերդաստանի մասին իրազեկվածությունը, հիշողությունը, տոհմանունների հարատևությունը:
Տոհմածառի նախնական տարբերակներն Ավետարանի կամ Սուրբ գրքի վերջին էջում ընտանիքում ծնված և մահացած անդամների ժամանակագրությունը գրանցող սովորույթ էր, որը հետագայում դարձավ ինքնուրույն միավոր` թղթի վրա գծված կամ որևէ այլ ձևով` կավի, փայտի քանդակի միջոցով գերդաստանի մի քանի սերունդների ճյուղային զարգացումը ներկայացնող պատկերով (այստեղից էլ անունը` «տոհմի ծառ»): Տոհմածառերի տարատեսակները զարգանում են կյանքին համընթաց և այսօր կիրառվում են նաև ժամանակակից տեխնոլոգիական հնարավորությունները:
Տոհմածառը ՀՀ կառավարության որոշմամբ ընդգրկվել է ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում: