Հայաստանի Հանրապետությունում ոչ աշխատանքային` տոնական օրերը սահմանվում են «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքով:
Հանրապետությունում տոնական ոչ աշխատանքային օրեր են համարվում՝
Ամանոր և Ծննդյան տոները, որոնք նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ (Ամանոր), հունվարի 3-5-ը (նախածննդյան տոներ) և հունվարի 6-ին (Սուրբ Ծնունդ և Հայտնություն).
Բանակի օրը՝ նշվում է հունվարի 28-ին.
Կանանց տոնը՝ նշվում է մարտի 8-ին.
Աշխատանքի օր՝ նշվում է մայիսի 1-ին.
Հաղթանակի և խաղաղության տոն՝ նշվում է մայիսի 9-ին.
Հանրապետության տոն՝ նշվում է մայիսի 28-ին.
Սահմանադրության օր՝ նշվում է հուլիսի 5-ին.
Անկախության տոնը՝ նշվում է սեպտեմբերի 21-ին.
Հայաստանի Հանրապետությունում կարող են նշվել նաև ավանդական և եկեղեցական տոներ, միջազգային օրեր, իսկ կառավարության որոշմամբ՝ մասնագիտական և այլ տոներ: Հայաստանի Հանրապետության տոների հետ կապված՝ կառավարությունը կարող է աշխատանքային օրերը տեղափոխել:
Ազգային փոքրամասնություններին պատկանող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են նշել իրենց ազգային տոները և հիշատակի օրերը, եթե դրանք չեն հակասում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:
Ոչ աշխատանքային` տոնական օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով, բացառությամբ կրճատ և ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող աշխատողների: