Նոր աշխարհակարգը հաստատվում է պատերազմներով. քաղաքագետ

2020 թվականի հունվարի 3-ին տեղի ունեցավ աշխարհակարգի փլուզման «եզրափակիչ» փուլի առաջին ակտը՝ ԱՄՆ նախագահի որոշմամբ և հրամանով սպանվեց Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սուլեյմանին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

«Ընդ որում՝ նա լոկ բարձրաստիճան զինվորական չէր, այլ, ըստ էության, ռազմաքաղաքական նշանավոր ֆիգուր, որը նաև դիտվում էր Իրանի նոր նախագահի հնարավոր թեկնածու: Հիշեցնեմ, որ Իրանի նախագահի ընտրությունը տեղի ունեցավ 2021 թվականին:

Նույն թվականի հունվարի վերջին ՌԴ նախագահ Պուտինը կոչ արեց ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամներին սկսել քննարկումներ նոր աշխարհակարգի համար: Պուտինը կրկնեց իր այդ կոչը փետրվարին, արդեն Իսրայելում՝ Հոլոքոսթի տարելիցի առիթով միջոցառմանը:

Պուտինի կոչը, ըստ էության, չարժանացավ մերժման: Իսկ ինչպե՞ս պետք է քննարկեին նոր աշխարհակարգը: Բնականաբար՝ տարբեր ձևաչափերի շփումներով: Իսկ ինչպե՞ս պետք է հաստատվի նոր աշխարհակարգ։ Բնականաբար՝ պատերազմներով: Բնականաբար և առաջին հերթին, իհարկե, դժբախտաբար, որովհետև դա արժենում է մարդկային կյանքեր, ընդ որում՝ առավելապես անմեղ կյանքեր:

Երբ այս կամ այն գործողության առնչությամբ խոսվում է «պայմանավորվածության» մասին, շատերը միանգամից պատկերացնում են՝ «ուրեմն թատրոն» է: Ո՛չ, ընկերներ, պայմանավորվում են մարտի վարման կանոնները, պայմանավորվում են, որ չի լինի «մարտ առանց կանոնների»: Իսկ կանոնների շրջանակում արդեն՝ կա շատ բարդ պայքար ամեն մի սանտիմետր և գրամ ռեսուրսի համար, որովհետև, երբ «լրանա ժամանակը», աշխարհակարգի պայմանները կախված են լինելու այդ ռեսուրսից և հնարավոր է՝ «գրամների» տարբերությունից:

Հիմա, երբ այս պայմաններում Հայաստանում շատ հարգարժան մարդիկ լրջորեն խոսում են այն մասին, որ Հայաստանի պետական սահմանը, միջազգային իրավունքը և այլն՝ պաշտպանական ամրություն է, որովհետև լեգիտիմ է, մնում է տարակուսել»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել