Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նախագահ Վահագն Խաչատուրյանի որոշումներով՝ 10 դատապարտյալների ներման խնդրագրերը մերժվել են։
Նրանցից 2-ը կին են, 8-ը՝ տղամարդ։
Այսպիսով, մերժվել է Մարիա Միրսա Ֆլորես Ալվարադոյի ներման խնդրագիրը, ով հանցակցի հետ Պերուի Հանրապետությունում անհայտ անձից վերցրել է շուրջ 3կգ քաշով կոկոին տեսակի թմրամիջոց և ճամփորդական 2 ուսպարկերում տեղակայված գաղտնարաններում թաքցնելով տեղափոխել է ՀՀ, սակայն «Զվարթնոց» օդանավակայանում հանցագործությոնը բացահայտվել է։
Արմեն Գ․-ն իր պատիժն է կրում մի շարք վայրերից գողություն կատարելու համար։ Նա նույնպես խնդրագիր էր ներկայացրել։
Գարեգին Ե․-ն դատապարտվել է 2018-ի հունվարին։ Նա ավտոմեքենայում, գումարային հարցի շուրջ ծագած վեճի ժամանակ, ձեռքերով 2-3 անգամ հարվածներ է հասցրել Քրիստինե Ա․-ի դեմքին, այնուհետև նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ավտոմեքենայի հետևի նստատեղին աջ ձեռքի նախաբազկի շրջանով 4-5 րոպե ուժող սեղմել է կնոջ պարանոցը և խեղդելով շնչահեղձ է արել՝ ապօրինաբար նրան զրկելով կյանքից, որից հետո դիակը գցել է Երասխավան գյուղի օղակաձև խաչմերուկին կից ձորակը:
Գևորգ Մ․-ն մեղավոր է ճանաչվել խարդախությամբ ուրիշին պատկանող խոշոր չափերի գույքը՝ 1.000.000 ՀՀ դրամը, հափշտակելու համար: Նրա խնդրագիրը նույնպես մերժվել է։
Մերժվել է նաև Տիգրան Մ․-ի խնդրագիրը։ Նա մեղավոր է ճանաչվել գողության, անչափահասին հանցանքի մեջ ներգրավելու, համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու համար։
Նարե Ն․-ն մեղավոր է ճանաչվել թմրամիջոց իրացնելու եղանակով, ապօրինաբար, պատվեր կատարելու դիտավորությամբ Էդգար Գ․-ին կյանքից զրկելու համար։ Ավելի վաղ նա մարմնավաճառությամբ զբաղվելու կասկածանքով ոստիկանություն էր բերվել, չէր ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին` հրաժարվելով ենթարկվելու անձնական զննման և իր մոտ եղած ածելիով առողջության համար վտանգավոր բռնություն էր գործադրել ոստիկան Արման Ն․-ի նկատմամբ` վնասելով նրա աջ դաստակը և դիտավորությամբ վերջինիս առողջությանը պատճառել միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով: Այս անգամ նա ազատվել էր դատավճռով նշանակված պատժի չկրած մասից։
Արսեն Ս․-ն նույնպես զբաղվել է թմրամիջոցների իրացմամբ։
Արտյոմ Ս․-ի, Արամ Խ․-ի և Արամ Ս․-ի վերաբերյալ տվյալներ չեն հայտնաբերվել։