Հայաստանի Հանրապետության ժողովուրդն ունի եվրոպական ձգտումներ, և մենք կառաջնորդվենք այդ ձգտումներով․ Միրզոյանը՝ ԵՄ խորհրդի քաղաքական և անվտանգային հարցերով կոմիտեի պատվիրակությանը

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ԵՄ խորհրդի քաղաքական և անվտանգային հարցերով կոմիտեի պատվիրակության հետ։

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Ողջույնի խոսքում ՀՀ ԱԳ նախարարը գոհունակությամբ արձանագրել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների էական խորացմանը միտված գործընթացը՝ ընդգծելով, որ այն ներառում է ինչպես ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շարունակական իրականացումը, այնպես էլ դրանից անդին հնարավորությունների լավագույնս օգտագործումը: Հարաբերությունների զարգացման այս դինամիկայի համատեքստում անդրադարձ է կատարվել Հայաստանում ԵՄ մշտադիտարկման առաքելության գործունեությանն, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման տնտեսական բաղադրիչին:

Վերջինիս ներքո նախարար Միրզոյանը շեշտել է Տնտեսական ու ներդրումային պլանի ուղենիշային նախաձեռնությունների կյանքի կոչման ու նոր՝ «Հայաստանի դիմակայունության և աճի» ծրագրով ընձեռնվող հնարավորությունները: Կարևոր նախագծերի շարքում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի ուղղությամբ առաջընթացի ապահովմանը։

Վկայակոչելով Եվրոպական խորհրդարանում 2023թ. դեկտեմբերին ՀՀ վարչապետի ելույթը՝ նախարար Միրզոյանը հավելել է. «Հայաստանի Հանրապետության ժողովուրդն ունի եվրոպական ձգտումներ, և մենք կառաջնորդվենք այդ ձգտումներով:»

Անդրադառնալով Հարավային Կովկասում անվտանգային հարցերին՝ Արարատ Միրզոյանը ԵՄ անդամ երկրների դեսպաններին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։

Ընդգծելով ՀՀ պատրաստակամությունն օգտագործել խաղաղության հասնելու հնարավորությունը՝ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ դա ենթադրում է խաղաղության պայմանագրում առանցքային հարցերի շուրջ փոխհամաձայնության արձանագրում՝ մասնավորապես 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջակության ճանաչման փոխադարձ վերահաստատում և սահմանազատում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել