Գագիկ Ծառուկյանի գործով գրավոր ապացույցների հետազոտման փուլն ավարտվեց

Հակակոռուպցիոն քրեական դատարանում այսօր՝ ապրիլի 4-ին, դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և «Մուլտի Գրուպ»-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ գործի քննությունը։

ԲՀԿ առաջնորդը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 154.2 հոդվածով՝ ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այսօր շարունակվում էր գրավոր ապացույցների հետազոտումը։

Դատախազ Դավիթ Աղաջանյանն ըստ հերթականության ներկայացրեց առկա փաստաթղթերը։ Համապատասխան աղյուսակներով լրացված փաստաթղթերի մեջ տրված է մարզը, տվյալ դեպքում՝ Գեղարքունիք մարզի նշված տարածքը, ամեն ցուցակում առկա է պատասխանողների տվյալներ հատվածը, որտեղ կան նրանց անունները, ծննդյան թիվը, անձնագիրը, հեռախոսահամարը։

Նա հայտնեց փաստաթղթերում առկա աղյուսակների տվյալները՝ առանձին-առանձին նշելով բոլոր անձանց անուն, ազգանուն, հայրանունները, առկա տվյալները, որոնցից մի քանիսը վերաբերում էր 2014, 2017 թվականների ընթացքում նշված տեղամասի ընտրական հանձնաժողովից ստացված տվյալներին։

Մյուս փաստաթղթերը նույնպես կազմված են վերոնշյալ բովանդակությամբ, կոնկրետ մարզի, համայնքի տվյալները՝ 2017 թվականի ապրիլի 2, թիվ 35 ընտրական տարածքի արդյունքները։

Հաջորդիվ առկա է համապատասխան փաստաթուղթ, որի մեջ նշված է  Գեղարքունիքի մարզի Գետաշեն համայնքի անվանումը, ընտատեղամասի համարը լրացված չէ, նշված են պատասխանատուի տվյալները՝ ազգանուն, անուն, հայրանուն, ծննդյան թիվը, անձնագիրը։

Աղաջանյանի խոսքով՝ փաստաթղթերից մեկում առկա էր «Համայնքների ակտիվիստների և շտաբերի պատասխանատուներին հատկացված գումար» վերնագիրը, որի մեջ նշված է որպես տարեթիվ 2012 թվականի ապրիլ ամիս, բայց օրը նշված չէ։ Ըստ աղյուսակի ներկայացված են 1-ից 5 համարակալմամբ անձնական տվյալներ, պատասխանատուին հատկացված գումարի չափը, հեռախոսահամարը։

Հաջորդ փաստաթղթում առկա տվյալների համաձայն՝ ակտիվիստներից երեքին տրված գումարը կազմել է 30․000 դրամ։

Դատախազի ներկայացմամբ՝ առկա է հաշվետվություն 2017 թվականի ընտրությունների վերաբերյալ, համայնքը՝ Վերին Գետաշեն, պատասխանատուների հատվածում նշված է Առաքելյան Կարենի տվյալները, ընտրողների թիվը բաց է թողնվել, վճարված գումարը նշված է 220․000 դրամ, հեռախոս և ստորագորություն ևս առկա է։

Փաստաթղթերի մեջ առկա է բուկլետ համապատասխան նշումով՝ ԱԺ 2017 Գեղարքունիքի մարզ, ընտրատարածք համար 8, նշված է «Ծառուկյան դաշինք», թվագրված է 4, առկա է Վազգեն Պողոսյանի լուսանկարը և տվյալները։

Ձեռք բերված փաստաթղթերում առկա տվյալները ներկայացնելուց հետո դատախազն ընդգծեց, որ թե՛ զննության մակարդակով առկա փաստաթղթղերը, թե՛ բուն հայտագրված փաստաթղթերը, որոշումները, գրավոր ապացույցները, որպես այդպիսին, հետազոտված են։

Վկաների հարցաքննության անցնելու մասին դատավորի հարցին հայցվոր կողմը պատասխանեց, որ այդ փուլին կարող են անցնել այն տրամաբանությամբ, թե ինչ միջնորդություններ կլինեն․ հնարավոր է որոշ վկաներ հարցաքննվեն մյուս դատական նիստի ժամանակ։

Պաշտպանության կողմի պնդմամբ՝ հարկավոր է բոլոր գործողություններն ամփոփել, հետո որոշել վկաների հարցաքննության իրականցման ընթացքը․ դատական նիստը հետաձգվեց։

Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 23-ին։

Մարիամ Շահնազարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել