Մոսկվայի և Երևանի միջև ուղիղ երկխոսության արդյունքում «դաշնակցային բնականոն վիճակին» վերադարձը միակ ողջամիտ լուծումն է։ Այսօր՝ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման օրը, նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը։
«Վստահ ենք, որ կուտակված անհավասարակշռությունների շտկումը, Մոսկվայի ու Երևանի միջև ուղիղ երկխոսության արդյունքում «դաշնակցային բնականոն վիճակին» վերադարձը ոչ միայն հնարավոր է, այլև՝ միակ ողջամիտ լուծումը»,- ասված է դեսպանատան տելեգրամի ալիքում հրապարակված իայտարարությունում։
Միաժամանակ նշվում է նաև, որ Ռուսաստանը և Հայաստանը ընդհանուր ինտեգրացիոն կազմակերպությունների (ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ) անդամներ են և համագործակցում են ՄԱԿ-ի կառույցներում։ Երկու երկրների միջև տարբեր ոլորտներում գործում են շուրջ 200 համագործակցության համաձայնագրեր։
«Ռուսաստանը միշտ առանձնահատուկ նշանակություն է տվել Հայաստանի հետ բարեկամական կապերի ամրապնդմանը՝ որպես դաշնակցի և կարևոր գործընկերոջ», – նշված է հայտարարության մեջ։