Դատական համակարգի գերխնդիրներից մեկը՝ գերբեռնվածության հարցը բավականաչափ լուծվել է վերջին օրենսդրական փոփոխությունների շնորհիվ

Դատական դեպարտամենտը հայտնում է, որ դատական համակարգի գերխնդիրներից մեկը՝ գերբեռնվածության հարցը բավականաչափ լուծվել է վերջին մի շարք օրենսդրական փոփոխությունների շնորհիվ, սակայն դատական գործերի քննության ձգձգումները դեռ օրակարգային են:

Դատական ձգձգումների խնդրի լուծման նպատակով Բարձրագույն դատական խորհուրդը փորձում է համահարթեցնել դատավորների մոտ առկա գործերի քանակը, այդ թվում՝ ծանրաբեռնված դատավորների անունները բաշխման ցանկից ժամանակավորապես հանելու միջոցով: Այս հարցում որոշումները ընդունվում են հիմնվելով դատարանների նախագահների առաջարկների վրա: Նշված պրակտիկան շարունակվելու է մինչև այս տարվա սեպտեմբեր:

Բացի այդ՝ Բարձրագույն դատական խորհուրդը սույն թվականի մարտի 18-ին ընդունեց որոշում` առաջին ատյանի և վերաքննիչ դատարանի նախագահների դատարանում գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման նկատմամբ մշտադիտարկման լիազորության առավել արդյունավետ իրացման մասին: Արդյունքում, Դատական դեպարտամենտը լիարժեքորեն կտիրապետի մշտադիտարկման ամբողջական տեղեկատվությանը, ինչը հնարավորություն կընձեռի հասկանալ՝ կոնկրետ որ պաշտոնյայի մեղքով են ձգձգվում դատական գործերը և կձեռնարկեն միջոցներ տվյալ պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Միաժամանակ, Դատական դեպարտամենտը առաջնորդվելով իր կանոնադրական լիազորություններով (դատական գործերի տևողության կապակցությամբ տեղեկատվության հավաքագրման ու տրամադրման ապահովում) սկսել է ուսումնասիրություն այս պահին առավել ծանրաբեռնված դատավորների շրջանում: Մասնավորապես, հարցումներ են ուղարկվել քաղաքացիական, քրեական և վարչական դատարաններ՝ խնդրելով ներկայացնել պարզաբանումներ:

Ստացված պատասխանների վերլուծության արդյունքում կվերհանվեն դատական գործերի քննության ձգձգումներին պատճառ հանդիսացող խնդիրները և կմշակվեն դրանց լուծման ուղղությամբ առաջարկները:

Դատական դեպարտամենտը՝ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում շարունակելու է հետևողականորեն ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ արդարադատության ոլորտում առկա անթույլատրելի խնդիրների վերացման ուղղությամբ` պահպանելով թափանցիկ ու հաշվետու աշխատելաոճը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել