ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթով իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Երևանի 40-ամյա բնակչի կողմից հոր նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու, հարևանությամբ բնակվող կանանցից մեկին սպանելու, մյուսի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու համար։
2024թ․ մարտի 7-ին՝ ժամը 16:45-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժնում Երևան քաղաքի բնակիչը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 11:30-ի սահմաններում, իր 40–ամյա որդին, հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին:
2024թ․ մարտի 24-ին՝ ժամը 11:19-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի և որովայնի առաջնային պատի կտրած-ծակած արյունահոսող վերքեր» և «կրծքավանդակի ձախ կեսի առաջնային պատի կտրած-ծակած վերքեր» ախտորոշումներով շտապ բուժօգնության խմբի կողմից Խորեն Խաչատրյան փողոցի տներից մեկից բուժօգնության են տեղափոխվել նույն տան 64 և 32–ամյա բնակչուհիները:
Նույն օրը բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ տեղափոխված 64–ամյա կինը վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Վերոնշյալ դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի, ապա նաև 155-րդ հոդվածի 1-ին մասի և 44-155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթները, քննիչի որոշմամբ, միացվել են մեկ վարույթում։
Նախաքննության ընթացքում ՀՀ ԱՆ «Ավան» հոգեկան առողջության կենտրոն ՓԲԸ-ից ստացված գրության համաձայն՝ 40–ամյա տղամարդը հաշվառված է հիշյալ ՓԲԸ-ում։ Պարզվել է, որ մարտի 7-ին հոր նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու վերաբերյալ հաղորդումն ստանալուց հետո նշված անձը Ոստիկանության կողմից տեղափոխվել է նշված հոգեկան առողջության կենտրոն, սակայն հետագայում վերջինս վերադարձել է իր բնակության վայրը։
Քրեական վարույթի շրջանակներում կատարված դեպքի վայրի զննությամբ սպանության դեպքի վայր հանդիսացող բնակարանի տարբեր հատվածներից հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքեր, իսկ նախասրահի հատակին հայտնաբերվել և վերցվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը՝ արնանման հետքերով:
Քննությամբ պարզվել է, որ 2024թ․ մարտի 7–ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Խորեն Խաչատրյան փողոցում գտնվող տանը 40–ամյա տղամարդը, հորը ֆիզիկական ցավ և մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին, որից հետո հայրը փորձել է փախչել՝ վազելով ննջասենյակի դռան ուղղությամբ: 40–ամյա տղամարդը վազել է նրա հետևից, հագուստից բռնելով քաշքշել, ապա քարշ տվել նրան դեպի հյուրասենյակ, որտեղ հատակին գցելով՝ ոտքերով ու ձեռքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով ֆիզիկական ցավով զուգորդված մարմնական վնասվածքներ:
Բացի այդ, 2024թ․ մարտի 24–ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, 40–ամյա տղամարդը, նախորդ օրը՝ երեկոյան, հարևանի կողմից իր կանչին չարձագանքելու պատճառաբանությամբ, սեփական անձի առավելությունն ու գերակայությունը ընդգծելու մղումներով, խուլիգանական դրդումներով, մտել է հարևան տուն, դանակով հարվածներ է հասցրել հիշյալ տան 64 և 32–ամյա բնակչուհիների մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Կանանցից մեկը բժշկական կենտրոնում մահացել է, իսկ մյուսին հաջողվել է համապատասխան բուժօգնություն ցույց տալ և փրկել։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 40–ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 155-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով և 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով:
Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ, որպես հոգեկան առողջության խնդիր ունեցող անձ, անվտանգության միջոց՝ բժշկական հսկողություն կիրառելու վերաբերյալ։
Միջնորդությունը բավարարվել է, և որոշման կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱՆ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ին:
Նախաքննությունը շարունակվում է, պարզվում են նշված դեպքերի և դրանց նպաստած բոլոր հանգամանքները։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: