2024 թվականի մարտի 31-ի Սուրբ Զատկի տոնակատարությանն ընդառաջ՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մարտի 20-ից 29-ը ներառյալ վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի արտադրությամբ զբաղվող կազմակերպություններում և իրացման շուկայում՝ առկա ռիսկերը գնահատելու և ոչ պատշաճ որակի ձվի մատակարարումը բացառելու նպատակով:
Այս պահին հայտնի են «Լուսակերտ Էլիտ» ՍՊ, «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲ, «Աշտարակ ձու» ՍՊ, Վլադ Հակոբյանի անվան «Համակցված կերերի գործարան» ՓԲ, «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲ ընկերություններում անցկացված վերահսկողության արդյունքները, համաձայն որոնց՝ նշված արտադրություններում խախտումներ չեն հայտնաբերվել: Նմուշառված ձվերի լաբորատոր հետազոտությունները վկայում են, որ դրանք համապատասխանում են սեղանի ձվի նկատմամբ օրենքով և ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին:
Հայտնի են նաև Նոր Զովք ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետների ցանցի երկու մասնաճյուղերում իրականացված դիտարկման արդյունքները: Մասնավորապես՝
- Երևանի Դավթաշեն 4-րդ թաղամասի 26/1 հասցեում գործող խանութում հայտնաբերվել է Արաքս թռչնաֆաբրիկայի արտադրության պիտանիության ժամկետն անցած 20 հավի ձու, որոնց իրացումը կասեցվել է, ձվերը ոչնչացվել են,
- Երևանի Դավիթ Բեկի 7/3 հասցեում գործող մասնաճյուղում հայտնաբերվել է Մհեր Ավետիսյան անհատ ձեռնարկատիրոջը պատկանող 22․03․2024թ. արտադրության թերի մակնշմամբ 11 տուփ լորի ձու (յուրաքանչյուրում 20 հատ), որոնց իրացումը կասեցվել է, տուփերը վերադարձվել են մատակարարին՝ թերի մակնշումը շտկելու հանձնարարականով։
Վերահսկողողական միջոցառումներն այսօր դեռ շարունակվում են, ափոփ արդյունքները կներկայացվեն լրացուցիչ հաղորդագրությամբ: