ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 25-ի նիստում ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը նշեց, որ 2023 թվականի ընթացքում գլոբալ անկայունության հետևանքով, ՀՀ անվտանգային միջավայրի պարբերաբար ձևավորման պայմաններում ՀՀ ԱԱԾ-ն շարունակել է իրականցնել իր առջև դրված խնդիրները։
ԱԱԾ մարմիններում շարունակվել են աշխատանքները տեխնիկական վերազինման, կադրերի պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման գործընթացի շարունակական կատարելագործման ուղղությամբ։
Նրա խոսքով՝ 2023 թվականի ընթացքում շահագործման են հանձնվել ամբողջությամբ կահավորված մի շարք սահամանապահ ուղեկալներ և պարետատներ։ Սարքավորումներով հագեցվել և կահավորվել են սահմանապահ կետեր, կառուցվել են դիտակետեր, իրականացվել են ամրացման տեխնիկական հագեցման և կահավորման այլ աշխատանքներ։
«Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում բացվել է սահամանպահ զորքերի կառավարում ցիկլը, որտեղ ուսումնասիրություն են անցնում ՀՀ սահմանապահ զորքերի կուրսանտները։ Սահամանապահ զորքերում 2022 թվականի համեմատ կին զինծառայողների թիվը ավելացել է շուրջ 9%-ով, 2021 թվականի համեմատ՝ 20%-ով»,-ասաց նա։
Աբազյանը նշեց, որ 2023 թվականին ԱԱԾ-ում մեկնարկել է ատեստավորման գործընթացը, որն իրականացվում է փուլային եղանակով։ Մինչև 2023 թվականի ավարտը ատեստավորմանը մասնակցել և դրական արդյունք է գրանցել ծառայողների ընդհանուր թվի շուրջ 20%-ը։ Ատեստավորված ծառայողների աշխատավարձն ավելացել է միջինում շուրջ 57%-ով։
Աբազյանն ընդծեց․ «2023 թվականին որոշում է կայացվել ՀՀ ԱԱԾ սահամանապահ զորքերի ու հատուկ ստորաբաժանումների ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամության, զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված զինծառայողների ընտանիքների համար սահմանել բնակարանային պայմանների բարելավման հնարավորություն»։
Նշեց նաև, որ բացահայտվել են տնտեսական գործունեություն ծավալող մի շարք կազմակերպությունների կողմից շուրջ 9,3 միլիարդ դրամի չափով հարկային պարտավորություններ չկատարելու դեպքեր։ Ընդհանուր առմամբ, կոռուպցիայի հակազդման և հանցագործությունների պայքարի համատեքստում ԱԱԾ-ում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում բացահայտվել է պետությանը պատճառված շուրջ 16 միլիարդ դրամի չափով վնաս, որից նախաքննության ընթացքում վերականգնվել է շուրջ 395 միլիոն դրամը։