Երեկ երեկոյան շատ տագնապալի իրավիճակ էր օպերատիվ առումով երկրի ներսում։ Այս մասին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 25-ի նիստում ասաց Անդրանիկ Քոչարյանը։
«Ոստիկանական բաժանմունքներից մեկում զինված ներխուժում էր եղել և պարզ չէր, թե ինչ զարգացումներ և ինչ հեռանկարներ կարող էր լինել։ Եվ ի պատիվ մեր ուժային կառույցների՝ այդ խնդիրը լիկվիդացվեց, բայց բնականաբար դա մեզ մտածելու տեղիք է տալիս։ Պարոն Աբազյան, (Խմբ․ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյան) փաստորեն դեռ տներում շատ զենք կա։ Շնորհավորում եմ մեզ, երեկվա արագ բացահայտումների և շարունակությունը համոզված եմ, որ ամբողջ գիշեր աշխատանք է տարվել և Հայաստանի Հանրապետությունում որևէ զինված ապօրինի խմբավորում չիկարող լինել, թաքնված զենք ճի կարող լինել։ Հին ասացվածք կա՝ պատից կախված հրացանը մի օր կրակում է։ Այդ կարկոցները չեն կարող մեր երկրի ներում լինել, մենք ունենք բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծմանը պետք է միտված լինի անվտանգային խնդիրներ։ Հարբած լինի, հարբած չլինի, որևէ մեկի մտքով չպետք է անցնի, որ գիտես ինչ, ինքն իր պատկերացմամբ ինչ-որ պահի մասնակցություն է ունեցել ինչ-որ գործողությունների և մենք գոնե հարգանքով վերաբերվենք Եռաբլուրին և բոլոր նրանց, ովքեր էդ խնդրի լուծմանը կյանք են դրել, իրենց ամեն ինչն են դրել։ Այսօր դա դարձնել դրոշակ և մտնել պահանջներ դնել պետության առաջ, դա չի հանդուրժի որևէ երկիր։ Ես համոզված եմ, որ ամբողջ գիշեր բոլորն իրենց մաշկի վրա զգացին, որ պետք է մի հատ սթափվեն»,-նշեց նա։
Նա Արմեն Աբազյանից շնորհակալություն հայտնեց կատարած աշխատանքի համար։