Նռնակով զինված տղամարդը տարբեր ոչ հասկանալի բառեր էր ասում. Նարեկ Սարգսյան

Զինված անձանցից 2-ը բեկորային վնասվածք են ստացել իրենց իսկ գործադրած նռնակի հետևանքով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

Նա նշեց, որ քիչ առաջ զինված տղամարդուն վնասազերծել են և տեղափոխել բաժին, այս պահին իրականացվում են քննչական գործողություններ։

Սարգսյանը չկարողացավ հայտնել, թե ինչու էր տղամարդը նման քայլի գնացել, նշեց միայն, որ քննությունը բոլոր հարցերին կպատասխանի․ «Պահանջը․․․ տարբեր, ոչ հասկանալի բառեր էր ասում։ Ոչ ադեկվատ վիճակում էր»։

Մամուլի քարտուղարը հերքել է նաև տուժած ոստիկանների մասին հրապարակումները․ «Ընդհանրապես տուժածներ չկան։ Մի տեղ էլ գրած էր, որ 30 հոգով են եղել, բայց նման բան չկա»։

Հիշեցնենք՝ այսօր ժամը 17:00-ի սահմաններում երեք զինված տղամարդիկ Նոր Նորքի ոստիկանության շենք ներխուժման փորձ են կատարել, նռնակ է կիրառվել, նրանցից երկուսը վիրավորվել են:

Ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանն ու քրեական ոստիկանության պետ Վարդան Վարդանյանը բանակցություններ էին վարում նռնակով զինված տղամարդու հետ։

Սոցցանցերում տարածված տեղեկությունները, թե զինված հարձակում գործողները «Մարտական եղբայրության» անդամներն են, պահանջում են ազատ արձակել իրենց թիմակիցներին՝ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը չմեկնաբանեց։ Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ՝ «Մարտական եղբայրության» բերման ենթարկված բոլոր անդամներն ազատ են արձակվել։

«Մարտական եղբայրությունից» նշված տեղեկությունը հերքվել է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել