«Ոստիկանության աշխատողները պնդեցին, որ կոնկրետ մարտի 24-ի մասին ադրբեջանական լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել, որ ահաբեկիչներ են գալու Ոսկեպարի տարածք»․ «Մարտական եղբայրություն»

Այսօր՝ մարտի 23-ին, Մարտական եղբայրության գրասենյակ այցելեցին Հայաստանի Քրեական ոստիկանության ներկայացուցիչները, որոնք փոխանցեցին ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանի հրավերը «Մարտական եղբայրության» անդամ Հրանտ Տեր-Աբրահմյանին՝ իր հետ զրուցելու: Այս մասին հայտնում են «Մարտական եղբայրություն»-ից։

«Հրանտ Տեր-Աբրահամյանը համաձայնեց այդ հրավերին: Զրույցը տեղի ունեցավ Ոստիկանության շենքում (6-րդ վարչություն):

Զրույցի ընթացքում Վարդան Վարդանյանը հայտնեց, որ չեն թույլատրելու Մարտական եղբայրության այցը Վերին Ոսկեպար: Ի պատասխան Հրանտ Տեր-Աբրահամյանը խնդրեց ներկայացնել արգելքի օրինական՝ իրավական հիմքերը` շեշտելով, որ Մարտական եղբայրությունն օրենք չի խախտում: Հրանտ Տեր-Աբրահամյանը նաև ներկայացրեց, որ Եղբայրությունը գաստրոլյորի կարգավիճակով չի գնում Նոյեմբերյանի տարածաշրջան, այլ գրեթե մեկ տարի այնտեղ գործ է անում` բարձրացնելով տեղացիների ինքնապաշտպանության կարողությունները: Դա արվել է տեղի ինքնակառավարման մարմինների հետ համաձայնեցված: Այժմ էլ այցի նպատակն է այդ նույն գործի շարունակությունը, ինչպես նաև տեղի ժողովրդին ցույց տալը, որ իրենք մենակ չեն:

Վարդան Վարդանյանը հայտնեց, որ այցը պետք է չեղարկվի՝ ելնելով անվտանգության նկատառումներից, համաձայն տեղեկությունների, որոնք ինքը չի կարող հայտնել: Հրանտ Տեր-Աբրահամյանը ներկայացրեց, որ իրենք ունեն իրավիճակի սեփական վերլուծությունը` հիմնված Մարտական եղբայրության Վերլուծական և Քաղաքական խմբերի տվյալների վրա:

Ոստիկանության աշխատողները պնդեցին, որ կոնկրետ մարտի 24-ի մասին ադրբեջանական լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել, որ ահաբեկիչներ են գալու Ոսկեպարի տարածք: Սակայն այդ լուրի մեր փնտրտուքն ադրբեջանական մեզ հայտնի աղբյուրներում որևէ արդյունքի չբերեց:

Վերջում Հրանտ Տեր-Աբրահամյանը հայտնեց, որ վերջնական որոշումը պետք է կայացնի Մարտական եղբայրության թիմը, քանի որ Եղբայրությունը ղեկավարվում է կոլեգիալ, այլ ոչ թե միանձնյա սկզբունքով, բայց ինքը 90 տոկոսով վստահ է, որ թիմի որոշումը լինելու է՝ գնալ Ոսկեպար:

Երեկոյան տեղի ունեցավ Մարտական եղբայրության թիմային հավաք, որը, քննարկելով իրավիճակը, որոշեց, որ այցը Ոսկեպար տեղի է ունենալու ըստ նախապես պլանավորածի:

Դրանից հետո մենք նաև կապ հաստատեցինք Նոյեմբերյանի հետ, և որպես փոխզիջում առաջարկեցինք, որ մարտավարական պարապմունքները կարող ենք անցկացնել Բաղանիս գյուղում, այլ ոչ թե Վերին Ոսկեպարում: Սակայն մեզ փոխանցեցին, որ այդ տարբեակը նույնպես մերժելի է: Քանի որ այդ փոխիզջումային տարբերակն էլ չընդունվեց, Մարտական եղբայրության թիմը որոշեց, որ անցկացնելու է պարապմունքը նախապես որոշված վայրում` Վերին Ոսկեպարում:

Նորից ուզում ենք շեշտել, որ մեր խնդիրը ոստիկանության հետ չէ և շատ լավ հասկանում ենք, որ տվյալ դեպքում քաղաքական հրահանգ կա, որը ստիպված են կատաել ուժային կառույցները:

Ոստիկանության հետ իր զրույցում Հրանտ Տեր-Աբրահամյանը շեշտեց, որ հնարավոր հետապնդումները իրենց չեն մտահոգում»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել