Նման պրակտիկա չկա, որ պաշտոնյաների հանդիպումից հետո հայտարարությունները համաձայնեցվեն։ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանին։
Խամոյանը նրանից հետաքրքրվեց` ինչո՞ւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը ոչ թե Բաքվում կամ Թբիլիսիում, այլ հենց Փաշինյանի կողքին կանգնած հայտարարեց, որ ողջունում է նրա «համերաշխությունն Ուկրաինայի հետ և բոլոր գործընկերներին կոչ անում անել իրենցից կախված ամեն ինչ, որպեսզի Պուտինը չհաղթի ագրեսիայի իր պատերազմում»:
«Ինչո՞ւ նա այդ հայտարարությունը չարեց Վրաստանում կամ Ադրբեջանում, այլ Ձեր կողքին կանգնած արեց։ Ես գիտեմ, որ կա նման պրակտիկա, որ պաշտոնյաների հանդիպումից հետո հայտարարությունները համաձայնեցվում են, հետո են հրապարակվում»,– ընդգծեց պատգամավորը։
Փաշինյանը հակառակը պնդեց` ավելացնելով, որ 6 տարի է` ինչ-որ տեղ է գնում ու իր հայտարարությունները ընդունող կողմի հետ չի համաձայնեցնում:
«Ես 6 տարի է՝ տարբեր տեղեր եմ գնում և երբեք իմ հայտարարությունները ընդունող երկրի հետ չեմ համաձայնեցրել: Այն, ինչ ասել է Սթոլթենբերգը մեր համերաշխության մասին, հրապարակային է, բոլորը լսել են: Մնացած գնահատականները իրենց հարցն է, և ՀՀ-ում ամենատարբեր հայտարարություններ են հնչում և չեմ կարծում, որ ձեր գնահատականը ճիշտ է»,-պատասխանեց վարչապետը:
Խամոյանն արձագանքեց` ասելով. «Հետո էլ ասում ենք` հայ–ռուսական հարաբերությունները լավ չեն, իսկ մենք ի՞նչ ենք անում, որ դրանք կարգավորվեն։ Ուզում եմ հասկանալ` Սթոլթենբերգի այդ հայտարարությունը գործնականում մեզ ի՞նչ տվեց, բացի ձեր համատեղ լուսանկարից ու տեսանյութից»։
Ի պատասխան ՀՀ վարչապետն ասաց, որ այս լարված աշխարհաքաղաքական իրավիճակում կարող են լինել տարբեր կողմերից պաշտոնյաներ, որոնք կարող են անել հայտարարություններ, որոնք մյուս կողմի համար այնքան էլ հաճելի չլինեն։
«Այդպիսի հայտարարությունները, ես չեմ կարծում, որ եզակի ու միակը չեն լինի։ Եղել է, որ ինձ մոտ մի բան են հայտարարել, այլ տեղ խոսել ՀՀ-ի դեմ։ Եվ ի՞նչ, ասենք, որ այնտեղ, որտեղ ՀՀ-ի մասին վատ բաներ են ասել, ուրեմն խզո՞ւմ ենք նրանց հետ հարաբերությունները։ Ինչի՞, մենք Ուկրաինային 3 մլրդ–ի կամ 15 մլրդ–ի զենք ենք վաճառե՞լ»,-հայտարարեց Փաշինյանը։