Փաշինյանը բացատրում է տեղի ժողովրդին, որ եթե այդ սահմանը չգծվեց այսկերպ, ապա գծվելու է ուժով, որը պատերազմ է. Ստյոպա Սաֆարյան

2023թ․-ին Բրյուսելում հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ և սկսեց խոսել անկլավներից։ Հետագայում, իհարկե, և՛ երկու կողմերի հայտարարություններից, և՛ հաջորդած զարգացումներից պարզ դարձավ, որ այդ հանդիպմանը քննարկվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը, իսկ դա չէր կարող շրջանցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանների հարցը։ Սկզբունքների շուրջ համաձայնություն ձեռք էր բերվել դեռևս 2022թ․-ի աշնանը Պրահայում։ Հետագայում հետաքրքիր էր և անհասկանալի՝ ինչու է Հայաստանի վարչապետն անում հայտարարություններ, իսկ ադրբեջանական կողմը լռում է դրանց մասին։ Պարզվեց փորձ է արվել համաձայնության գալ քարտեզային հենքի վերաբերյալ, ՀՀ սահմանը ճանաչելու վերաբերյալ։ Ալիևն, ըստ էության, բանավոր համաձայնություն էր տվել, բայց հետագայում սկսել է թաքնվել անկլավների թեմայի հետևում։ Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում ասաց Միջազգային և անվտանգության հացերի հայկական ինստիտուտի հիմնադիր և տնօրեն Ստյոպա Սաֆարյանը։ 

«Հայաստանի վարչապետը փորձում էր, այսպես ասած, այդ թեմայով հրապարակային հայտարարություններ կորզել Ալիևից, որը չստացվեց։ Ադրբեջանը խուսափեց խոսել սրա մասին, և ակնհայտ է, որ Ալիևը խուսափում է ճանաչել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը՝ զուտ իրեն չզրկելով պատերազմում հողեր զավթելու հեռանկարից, որպեսզի կարողանա լայնամասշտաբ գործողությամբ վերցնել և՛ Գեզարքունիքից մասեր, և՛ Տավուշից մասեր, և՛ Սյունիքից մասեր։  2022թ․-ի սեպտեմբերի 13-ի հարձակումը, 2021 թ․-ի մայիսի 12-ի հարձակումը ցույց տվեցին նրա ախորժակի ուղղությունները նույնպես»,- ասաց նա։

Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ Ալիևը խորամանկ քայլի է դիմել․ երբ Հայաստանը առաջարկել է հստակեցնել սահմանը, Ադրբեջանը առաջ է քաշել 4 գյուղերի հարցը։

«Նիկոլ Փաշինյանի՝ Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչների հանդիպումը ցույց է տալիս, որ վարչապետը տրամադրված է քաշել այդ գիծը։ Նա չի թաքցնում նաև Ադրբեջանի մոտեցումը։ Նիկոլ Փաշինյանը բացատրում է տեղի ժողովրդին, որ եթե այդ սահմանը չգծվեց այսկերպ, այդ սահմանը գծվելու է ուժով, որը պատերազմ է։ Ադրբեջանն անգամ վերջնաժամկետներ էր ասում դրա վերաբերյալ։ Ի դեպ, մարտից մայիս ընկած ժամանակահատվածը հենց այն ժամանակահատվածն է, երբ ադրբեջանցիները լքել են այդ գյուղերը։ Իսկ մենք գիտենք, որ Ալիևը սիմվոլիկայի սիրահար է և փորձում է իր վրիժառությունները համընկեցնել այդ օրերին»,- նշեց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել