Տղամարդը Նիկոլ Փաշինյանին ուղղված բռնության կոչի համար տուգանվել է 680 000 դրամի չափով

Դ. Մ․-ն տուգանվել է 680 000 ՀՀ դրամի չափով  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված բռնություն գործադրելու հրապարակային կոչի համար։ Գործը մակագրվել էր Երևանի քրեական դատարանի դատավոր Արշակ Մաթևոսյանին։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ վերջինս ֆեյսբուքյան իր էջով լրատվական կայքեջի  «Թուրքիան, Հայաստանն ու Ադրբեջանն ունեն իրար կարիքը․ Նիկոլ Փաշինյան» հրապարակման տակ գրառում  է թողել՝ «Էս վիժվածքին օր առաջ պիտի սատկացնել» մեկնաբանությամբ:

 Դ․ Մ․-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 330 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ այն է՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը  հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ։

Մեղադրյալի  նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք՝ հանցանքը կատարելու պահին նվազագույն աշխատավարձի տասնապատիկի՝ 680.000 (վեց հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամի չափով։ Դ․ Մ․-ին թույլատրվել է 680.000 (վեց հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամի չափով նշանակված տուգանքը վճարել մաս առ մաս՝ 1 (մեկ) տարվա ընթացքում՝ 10 (տասը) ամիսների ընթացքում վճարելով առնվազն 55.000 (հիսունհինգ հազար) ՀՀ դրամ, իսկ 2 (երկու) ամիսների ընթացքում՝ առնվազն 65.000 (վաթսունհինգ հազար) ՀՀ դրամ:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել