ԱԳՆ-ն հրաժարվել է ընդդիմությանը տրամադրել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի տարբերակը

ՀՀ ԱԳՆ–ն մերժել է «Հայաստան» խմբակցության պատգամավորներին տրամադրել խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկների հերթական փաթեթը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունից նշել են, որ բանակցային գործընթացը չխաթարելու, գործընթացի վրա անուղղակի բացասական ազդեցություններ, ինչպես նաև փաստաթղթի կամայական, սխալ հանրային մեկնաբանություններ բացառելու նկատառումով պայմանավորված՝ այս պահին նպատակահարմար չեն համարում հայցվող տեղեկատվության տրամադրումը։

«ԱԳՆ-ից ստացված այս գրությունը հաստատում է նախորդիվ մեր հնչեցրած հիմնավոր կասկածն առ այն, որ ընդդիմադիր պատգամավորների՝ բանակցային գործընթացին ծանոթանալու արգելքն ադրբեջանական հերթական պահանջն է, որը բավարարվում է Նիկոլ Փաշինյանի կողմից»,– գրել է Գեղամ Մանուկյանը` հիշեցնելով, որ նախկինում յուրաքանչյուր հերթական տարբերակին ծանոթանալուց ու ընդդիմադիրների հնչեցրած հրապարակային մեկնաբանություններից հետո Ադրբեջանից իշխող ուժի մակարդակով քննադատություններ են հնչել ընդդիմադիր պատգամավորներին պայմանագրի կետերին ծանոթանալ թույլ տալու առնչությամբ։

Ընդդիմադիր պատգամավորը ԱԳՆ–ի այս որոշումը որակել է որպես պատգամավորական գործունեությանը դիտավորյալ խոչընդոտելու կամայական քայլ, որի նպատակը, ըստ նրա, հայ ժողովրդի համար կարևորագույն օրակարգի վերաբերյալ հանրային իրազեկման աշխատանքների խափանումն է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել