Մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու անհրաժեշտության դեպքում քննիչը, դատախազը, ոչ ուշ, քան կալանքի տակ պահելու ժամկետը լրանալուց 10 օր առաջ, պետք է դատարան ներկայացնեն պատճառաբանված միջնորդություն: Դատարանը, համաձայնվելով կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու անհրաժեշտությանը, ոչ ուշ, քան դատարանի կալանքի տակ պահելու որոշած ժամկետը լրանալուց 5 օր առաջ, համապատասխան որոշում է կայացնում:
Կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու հարցը որոշելիս դատարանն իրավունք ունի ճանաչել մեղադրյալին գրավով ազատելու հնարավորությունը և նշանակել գրավի գումարը:
Մինչդեռ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք որոշումներում սահմանվել են կալանքի ժամկետի երկարացման հիմքերի առավել կոնկրետ չափանիշներ:
Մասնավորապես, մի շարք գործերով Եվրոպական դատարանն արտահայտել է հետևյալ դիրքորոշումը. թեև անձին սպառնացող պատժի խստությունը հանդիսանում է փախուստի դիմելու կամ նոր հանցանք կատարելու հավանականությունը գնահատելու կարևոր տարր, ազատությունից զրկելը երկարաձգելու անհրաժեշտությունը չի կարող գնահատվել բացառապես վերացական տեսանկյունից՝ հաշվի առնելով միայն հանցագործության ծանրությունը:Ինչպես նաև Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը կարող է երկարացվել հետևյալ երկու պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.
ա) շարունակվում են առկա լինել կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հիմքերն ու պայմանները կամ ի հայտ են եկել անձին կալանքի տակ պահելու նոր հիմքեր.
բ) գործի քննությունն իրականացնող մարմնի կողմից դրսևորվել է անհրաժեշտ ջանասիրություն՝ ապահովելու գործի քննության ընթացքը.