Բարձրագույն դատական խորհուրդն մարտի 1-ին որոշում է ընդունել ու նախագահին առաջարկել Գառնիկ Ստեփանյանի թեկնածությունը՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար:
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Ստեփանյանը Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Մասիսի նստավայրի 2 դատավորներից մեկն է։ Դատավորի պաշտոնում նշանակվել է 2019-ի նոյեմբերին։
«2024 թվականի մարտի 1-ին, դռնփակ նիստում, քննարկելով Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղը համալրելու նպատակով վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնում ընդգրկված անձի թեկնածությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 125-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 129-րդ և 117-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Հանրապետության նախագահին առաջարկել Գառնիկ Գարուշի Ստեփանյանի թեկնածությունը՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար:
2. Սույն որոշման 1-ին կետով ներկայացված առաջարկի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 117-րդ հոդվածով սահմանված կարգով Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելու պահից Գառնիկ Գարուշի Ստեփանյանին հանել վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակից, ինչպես նաև Գառնիկ Գարուշի Ստեփանյանի՝ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի լիազորությունները համարել դադարած:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից»,-նշվում է խորհրդի որոշման մեջ: