Հ. Գ․-ին մեղադրանք է առաջադրվել խուլիգանություն կատարելու համար։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Հ․ Գ․-ն 2023 թվականի դեկտեմբերի 14-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, զորակոչի կենտրոնական բժշկական հանձնաժողովի նախագահ Վ․ Հ․-ից տեղեկանալով պարտադիր զինվորական ծառայությանը պիտանի լինելու մասին, նշված հանգամանքն ընդունել է ցավագին։
Նա իր մոտ ունեցած հրավառության միջոց հանդիսացող պայթուցիկը վառել և նետել է Վ․ Հ․-ի վրա, ինչը դիպչել է վերջինիս կրծքավանդակի հատվածին, ընկնել հատակին ու պայթել՝ առաջացնելով ծուխ: Շարունակելով զինկոմիսարիատում գտնվող անձանց նկատմամբ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարական վերաբերմունքը՝ Հ․ Գ․-ն հնչեցրել է անպարկեշտ արտահայտություններ, այդ կերպ շուրջ 10 րոպեով խաթարել զինկոմիսարիատի բնականոն աշխատանքը, ինչից հետո դուրս է եկել զինկոմիսարիատի բակ, կրկին հնչեցրել անպարկեշտ արտահայտություններ և հայհոյանքներ։
Միջամտել են նշված տարածքում ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության բաժնի աշխատակիցները և Հ․ Գ․-ին օրինական պահանջ են ներկայացրել դադարեցնել հասարակական կարգի կոպիտ խախտումը, ինչին ի պատասխան՝ Հ.Գ․-ն ոստիկանության ծառայողների հասցեին նույնպես հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ:
Գործը դատարան է ստացվել երեկ՝ փետրվարի 29-ին։ Գործը մակագրվել է դատավոր Տիգրան Ոսկանյանին։