Լևոն Երանոսյանի փաստաբանը միջնորդել է Նիկոլ Փաշինյանին, Հունան Պողոսյանին և Վալերիյ Օսիպյանին դատարան հրավիրել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Ավան» նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Հարություն Մանուկյանի, այսօր՝ մարտի 1-ին, շարունակվեց Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի գործով դատական քննությունը։

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Լևոն Երանոսյանը հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։

Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 309 հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Երանոսյանին վերագրվող գործողությունները տեղի են ունեցել 2018 թվականի ապրիլի 16-ի և ապրիլի 22-ի բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ։ Նա չի ընդունում առաջադրված մեղադրանքը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Լևոն Երանոսյանը հրաժարվել է դատարանում ցուցմունքներ տալուց, այդ պատճառով էլ հրապարակվում են նրա նախաքննական ցուցմունքները։ Դրանցում, բովանդակային առումով, էական ոչինչ չէր ասvել, որոշ դեպքում էլ հրաժարվել էր ցուցմունք տալուց։

Դատարանը դատավարական այս փուլը համարեց ավարտված։ Այնուհետև Լևոն Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը հայտնեց, որ պնդում է ավելի վաղ ներկայացված միջնորդությունը։ Այն է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հունան Պողոսյանը և Վալերիյ Օսիպյանը պետք է հարցաքննվեն դատարանում։

«Դատարանը նշված միջնորդությունների քննարկումը հետաձգել էր այն պատճառաբանությամբ, որ դեռևս չեն հետազոտվել դատարան ներկայացված ապացույցները։ Ապացույցները հետազոտելուց հետո միջնորդությունների բավարարման հիմքերն առավել քան ակնհայտ են»,-նշեց փաստաբանը։

Տիգրան Սաֆարյանի խոսքով՝ նրանց հարցաքննության դեպքում դատարանին կներկայացվեն այնպիսի փաստեր, որոնք նշանակություն կունենան այս գործի ճիշտ լուծման համար։ Դատավորը հետաքրքրվեց՝ ո՞րն է միջնորդության նպատակը, չէ որ ցուցմունքներով և հրապարակված տեսագրություններով պարզ են քաղաքացիների գործողությունները։

«Արդեն բազմաթիվ վկաների ու տուժողների հարցաքննել ենք, ընդ որում՝ տեսագրություններով, անգամ դրոնով նկարված տեսագրություններով բոլոր գործողությունները տեսանելի են, ի՞նչ լրացուցիչ տեղեկություններ կարող են տալ նշված անձինք, որոնք մենք տեսագրությունները չեն կարող վեր հանել»,-նշեց Հարություն Մանուկյանը։

Սաֆարյանը պատասխանեց․ նշված 3 անձանց դատարան հրավիրելու նպատակը ոչ թե քաղաքացիների գործողություններին գնահատական տալն է, այլ ոստիկանների գործողությունների պլանավորման վերաբերյալ հարցերը։

«Տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես է Օսիպյանը հրաման տալիս հատուկ միջոցների կիրառելու վերաբերյալ։ Սա Հունան Պողոսյանի և Վալերիյ Օսիպյանի մասով։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, ապա 2018 թվականի ապրիլի 16-ի և ապրիլի 22-ի իրադարձությունների ժամանակ «գլխավոր դերում» եղել է Նիկոլ Փաշինյանը, որի որոշակի գործողությունների արդյունքում էլ կիրառվել են հատուկ միջոցները»,-նշեց պաշտպանը։

Մեղադրող դատախազ Արմեն Շահբազյանն ասաց, որ միջնորդությունը ենթակա է մերժման, քանի որ հետազոտված ապացույցները բավարար էին:

«Բացի այդ, ի պաշտոնե պարոն Օսիպյանը Լևոն Երանոսյանին վերադաս չի եղել, նրա գործողությունների հետ կապված մեղադրանքում ոչինչ նկարագրված չէ։ Հունան Պողոսյանի մասով, չունենք որևէ տվյալ, որ պարոն Պողոսյանը հանձնարարել է կիրառել հատուկ միջոցներ»,-նշեց դատախազը։

Նախագահող դատավորը մերժեց ներկայացված միջնորդությունները, քանի որ տեսագրություններում ամեն ինչ տեսանելի է։ Տիգրան Սաֆարյանը խնդրեց նիստը հետաձգել և նրանց ժամանակ տրամադրվի՝ նոր ապացույցներ ձեռք բերելու վերաբերյալ միջնորդություններ ներկայացնելու համար։

Նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստը՝ մարտի 7-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել