Պեմզաշենում մոր և երկու երեխայի դաժան սպանության գործով մեղադրյալը պահանջում է փոխել խափանման միջոցը

2022թ․-ին Պեմզաշեն գյուղում մոր և երկու երեխայի դաժան սպանության գործով մեղադրյալը պահանջում է փոխել խափանման միջոցը։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» համակարգից։

Վ․ Բ․-ի պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել  վերջինիս  կալանքի ժամկետը երկարացնելու մասին դատարանի որոշումը՝ որպես խափանման միջոց ընտրելով տնային կալանքը։

Նշենք, որ բողոքը երեկ՝ փետրվարի 28-ին, մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանին։

Հիշեցնենք` Պեմզաշեն գյուղի 31-ամյա բնակչի ու նրա 12 և 8 տարեկան երեխաների դիերը հայտնաբերվել էին 2022 թվականի նոյեմբերի 9-ին։ Ա․ Բ․-ն 2022 թ.–ի հոկտեմբերին վերադառնալով ՌԴ–ից, անպարկեշտ առաջարկ է արել իր մտերիմ ընկերոջ կնոջը` Զ․ Մ․-ին, ու մերժում ստացել ։ Դրանից հետո նա տեղեկացել է, որ Զ․-ն նպատակադրվել է այդ մասին տեղեկացնել իր ամուսնուն: Մտավախություն ունենալով, որ ամուսինը կիմանա իր անպարկեշտ առաջարկի մասին, քաջ գիտակցելով դրա հետևանքով իրենց համայնքում իր հեղինակազրկումը` Ա․ Բ․-ն որոշել է սպանել Զ․ Մ․-ն։

Նա, նախապես տեղեկացված լինելով Վ․ Բ․-ի սոցիալական վատ վիճակի մասին և օգտվելով այդ հանգամանքից, տեղեկացրել է նրան Զ․ Մ․-ի տանը ենթադրաբար գումար լինելու, ինչպես նաև վերջինիս ամուսնու՝ ՀՀ վերադառնալու և դրանով պայմանավորված՝ կնոջը լռեցնելու՝ սպանելու մասին:

Կնոջ բղավոցներից միջանցք են եկել նրա անչափահաս երեխաները՝ 07.12.2010թ. ծնված դուստրը և 12.06.2014 թվականին ծնված որդին: Վ․ Բ․-ն և Ա․ Բ․-ն հակավորման թելով նախ կապել են տղայի ոտքերը և ձեռքերը, ապա աղջնակի ձեռքերը, ինչից հետո երեխաների ներկայությամբ, առանձին դաժանությամբ շարունակել են դանակով հարվածներ հասցնել կնոջը։ 11 մարմնական վնասվածքների հետևանքով կինը մահացել է:

Նրանք, համոզված լինելով, որ անչափահաս տղան ճանաչել է իրենց, դեռևս չմահացած Զ․ Մ․-ի և նրա դստեր ներկայությամբ դանակով հարվածներ են հասցրել ոտքերը և ձեռքերը կապած տղայի մարմնի տարբեր հատվածներին` առանձին դաժանությամբ սպանելով նրան։

Այնուհետև Վ․ Բ․-ն սեռական հարաբերություն է ունեցել 12 տարին չլրացած աղջկա հետ, որից հետո տղամարդիկ դանակով երկու հարված են հասցրել նրա կրծքավանդակի և որովայնի շրջաններում` սպանելով երեխային։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել