Բելառուսի մի քանի քաղաքում կանցկացվեն ՀՀ մշակույթի օրեր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։
Հարցը քննարկվել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ ՀՀ–ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկիի հանդիպման ժամանակ:
Նշվում է, որ մշակույթի ոլորտում համագործակցության խորացման նպատակով Բելառուսում ՀՀ մշակույթի օրերը կանցկացվեն այս տարվա ապրիլին:
Հանդիպման ընթացքում ներկայացվել է Բելառուսի Հանրապետության մի քանի քաղաքներում ՀՀ մշակույթի օրերի անցկացման նախնական նախագիծը:
«ՀՀ–ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկն ընդգծել է, որ միջոցառումը շատ սպասված է բելառուսական կողմի համար: Նա վերահաստատել է Հայաստանի հարուստ մշակույթը բելառուս ժողովրդին հասանելի դարձնելու և այն լավագույնս ներկայացնելու հարցում իրենց պատրաստակամությունը»,– նշված է հաղորդագրության մեջ:
Այցի ընթացքում նախատեսվում է նաև 2024–2027 թթ. մշակույթի ոլորտում համագործակցության ծրագրի ստորագրում՝ ՀՀ ԿԳՄՍՆ-ի և Բելառուսի Հանրապետության մշակույթի նախարարության միջև:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: