էլեկտրոնային դեղատոմսեր են տրվելու 470 դեղամիջոցի համար․ մանրամասներ

Մարտի 1-ից շուրջ 470 դեղեր կմտցվեն էլեկտրոնային դեղատոմսի համակարգ. Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը կառավարության փետրվարի 29-ի նիստում ներկայացրեց նախագիծ, ըստ որի առաջարկվում է փոփոխությունների և լրացումների միջոցով կենտրոնացված կարգով ձեռք բերված և անվճար կամ արտոնյալ պայմաններով տրամադրված, ինչպես նաև համակարգային ազդեցությամբ հակավարակային, հակաբիոտիկային, հակասնկային, հակամիկրոբակտերային, հակավիրուսային դեղերի, իմունայի շիճուկների, իմունոգլոբուլին և պատվաստանյութեր և միզոպրոստոլ պարունակող դեղերի մասով դեղատոմսերը դուրս գրել այսուհետ էլեկտրոնային եղանակով: Սա կբերի ինքնաբուժության նվազման, որակյալ և արդյունավետ բժշկական օգնության տրամադրման, բժշկական կազմակերպությունների ավելորդ հերթերից խուսափման, բնակչության իրազեկվածության բարձրացման:

Այս որոշումը վերաբերում է 470 դեղամիջոցի, որից 75-ը՝ կենտրոնացված գնումներով: 2025 թվականի հունվարի 1-ից ևս 2566 դեղանվանում կանցնի էլեկտրոնային տեղատոմսի համակարգ: «Դեղատոմսը դուրս է գրվելու ազդող նյութով, այլ ոչ բրենդային անվանումներով, և բուժառուն հնարավորութուն ունի ընտրելու ըստ իր գումարի մատչելիության, դեղատան աշխատակիցը չի կարող որևիցե կերպ թե՛ քանակի, թե՛ դոզայի փոփոխություն կատարել, որը, ցավոք սրտի, այսօր մենք ևս նկատում ենք»:

Նիկոլ Փաշինյանը ընդգծում է, որ էլեկտրոնային դեղատոմսը իրենց հնարավորություն է տալիս ստուգել դեղատոմս դուրս գրածի և դեղատան կապը նույնիսկ, որովհետև իրենք տեսնելու են՝ դեղատոմսը ով է գրել, դեղը որտեղից է ձեռք բերվել:

«Մեր համակարգում հատկապես նկատելի է, այսպես կոչված, բժշկական տեղեկանքների կշիռը որոշ իրավիճակներում, երբ խոսքը վերաբերում է սովորողների բացակայությանը կամ այնպիսի գործընթացներում, երբ ընդունելության քննության ժամանակ երբեմն բախվում ենք բժշկական տեղեկանքների հիմնավորման հետ կապված խնդիրներին, կարծում եմ՝ սա գալու է օգնելու նաև մեզ»,-արձագանքեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել