Վարչապետը պատասխանել է, թե ինչու է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայր ընտրվել Գերմանիան

Հայաստանը համաձայնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումն անցկացվի Գերմանիայում այն պատճառով, որ Գերմանիան Գրանադայի քառակողմ հանդիպման կողմ է և ստորագրել է 3 կարևոր սկզբունք: Այս մասին ասաց  Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին:

Նա հիշեցրեց՝ փետրվարի 28-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպում են Գերմանիայում: Վայրն ինչ-որ առումով միայն վայր է, բայց այն բովանդակություն էլ ունի:

«Մենք ինչո՞ւ ենք համաձայնվել, որ Գերմանիայում այդ հանդիպումը տեղի ունենա. շատ պարզ պատճառով, որովհետև Գերմանիան Գրանադայի քառակողմ հանդիպման կողմ է և ստորագրել է 3 կարևոր սկզբունք՝ առաջինը Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում՝ Ալմաթայի հռչակագրի հիման վրա, երկրորդը, որ Ալմաթայի հռչակագիրը պետք է լինի սահմանագծման գործընթացի հիմքը և երրորդը, որ տարածաշրջանային հաղորդակցությունները պետք է գործեն երկրների սուվերենության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքով: Այսինքն՝ Բեռլինում այլ քաղաքական բովանդակություն չի կարող քննարկվել: Մենք նաև դրա համար ենք համաձայնել, որ այնտեղ այդ քննարկումը տեղի ունենա»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը հայտարարեց՝ Հայաստանի համար ընդունելի չի լինի, եթե որևէ միջնորդ փորձի այս շրջանակից դուրս բերել գործընթացը: Դա նշանակում է միջնորդել ոչ թե խաղաղություն, այլ խաղաղության ճարտապարետության փլուզում:

«Այն երկրները, կազմակերպությունները, որոնք այս 3 սկզբունքն ընդունում են, կարող ենք նաև նրանց միջնորդությունն ընդունել: Ովքեր չեն ընդունում, նախ պետք է ճշտենք իրենց վերաբերմունքն այս սկզբունքների վերաբերյալ, հետո նոր վերաբերմունք արտահայտենք»,-ասաց վարչապետը՝ կրկնելով, որ Գերմանիան Գրանդայի հայտարարության կողմ է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել