Հայաստանը չի կարող տոլերանտ լինել մեր ժողովրդի արժանապատվությունը հարցականի տակ դնող հաղորդումների նկատմամբ. ԲՏԱ նախարար

Հայաստանը չի կարող տոլերանտ լինել այնպիսի բովանդակություն ունեցող հաղորդումների նկատմամբ, որոնք կարող են հարցականի տակ դնել մեր ժողովրդի արժանապատվությունը։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ԲՏԱ  նախարար Մխիթար Հայրապետյանը՝  պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանին։

Հայրապետյանի խոսքով՝ ռուսական կողմից խախտումները կրկնվում են եթերում, ինչը ՀՀ-ՌԴ միջպետական համաձայնագիրը լրամշակելու կամ խմբագրելու անհրաժեշտության վկայություն է։

Մխիթարյանը նշեց նաև՝ փետրվարի 26-ին Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից գրություն են ստացել՝ խախտումների մասին արձանագրություն։

«ԲՏԱ-ն արձանագրել է, որ իրապես խախտումները տեղի են ունեցել։ Այսօր ՀՀ ԱԳՆ-ն բողոքի հայտագիր է հղել ռուս գործընկերներին։ Զգայուն է հարցը, պետք է առիթ չտալ, որ տարատեսակ խմբերի կողմից հարցը քաղաքականցվի, անիմաստ է փնտրել քաղաքական ենթատեքստեր»,-ասաց Հայրապետյանը և հավելեց, որ ինքը ևս նամակ է ուղարկել ՌԴ Կապի և զարգացման նախարարին՝ առաջարկելով անհապաղ քննարկումներ անցկացնել։

Նա ընդգծեց, որ քաղաքական կոռեկտությունից ելնելով՝ ճիշտ չի համարում խոսել նամակի բովանդակության մասին, բայց պետք է անհապաղ խորհրդակցություններ անցկացնել և ներկայացնել լուծումների մասին պատկերացումները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել