«Ո՞նց էր Սերժ Սարգսյանի թիմը կենցաղային հարցերով անընդհատ նամակ գրում, նույնկերպ թող զգուշացներ արհավիրքի մասին». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է Սերժ Սարգսյանի՝ օրերս արած հայտարարությանը, թե՝ «դարձա վարչապետ, որպեսզի այս արհավիրքը Հայաստանից հեռացնեմ»։

«Շատ կարևոր է, որ հիմա հետահայաց Սերժ Սարգսյանն այդ մասին հայտարարում է, որովհետև այն ժամանակ, երբ ինքը կայացրել է որոշում վերստին առաջադրվել վարչապետի թեկնածու, ինքը ասում է, որ այդ պահին իմացել է վերահաս ահրավիրքի մասին»,-նշեց վարչապետը:

Նրա խոսքով՝ եթե վարչապետի թեկնածու առաջադրվելու պահին Սերժ Սարգսյանը գիտեր մոտեցող արհավիրքի մասին, առնվազն դա զրոյացնում է այս ընթացքում արած այն հայտարարությունները, թե իրենք դիվանագիտական հաղթանակների իրավիճակում են եղել 2017-2018 թվականներին, որովհետև դիվանագիտական հաղթանակների վիճակում գտնվելը չի նշանակում երկիրը հասցրած լինել վերահաս արհավիրքի իրավիճակի:

Վարչապետը հարց է տվել՝ մինչև 2018թ. վարած բանակցությունների մասին ի՞նչ պետական, ինստիտուցիոնալ տեղեկատվություն կա երկրում. «4 էջ․ լավ, 4 չէ, ենթադրենք՝ մի հատ բարակ թղթապանակ։ Ես պատասխանատու ասում եմ՝ հետագայում երբ հարց ծագի, թե մեր շրջանում ինչ է եղել՝ հանդիպումներ, խոսակցություններ, քննարկումներ, մտքեր, Հայաստանի ոչ մի իշխանություն խնդիր չի ունենալու իմանալ, թե ով որտեղ, ինչ է խոսել։ Ինչ է ճիշտ խոսել, ինչ՝ սխալ, գնահատականի հարց է։ Բայց սա էլ շատ կարևոր նյուանս է»։

Փաշինյանը նշել է, որ նախկին իշխանության ներկայացուցիչների հետ փորձել է շփվել ու հասկանալ՝ ինչ է կատարվել։ Ըստ նրա՝ վերջիններս փորձել են վիրտուալ իրականություն ստեղծել և պատասխանել ճիշտ նույնկերպ, երբ պատասխանել են հարցերին, երբ ինքն ընդդիմադիր էր. «Ո՞նց է Սերժ Սարգսյանը և նրա թիմը պաշտոնանկությունից հետո կենցաղային հարցերով անընդհատ կառավարությանը նամակ-նամակի ետևից գրել, չէ՞ր կարող գրել՝ կառավարություն, վերահաս արհավիրքի առաջ եք, ուրեմն՝ էս, էս, էս եմ առաջարկում»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել