Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կինը՝ Յուլյա Նավալնայան ելույթ է ունեցել Եվրախորհրդարանում ու նշել, որ իր ամուսինը կարողացավ դառնալ Ռուսաստանի ամենահայտնի քաղաքական գործիչը և իր գաղափարներով ոգեշնչել միլիոնավոր մարդկանց․ «Ինչպե՞ս նա դա արեց: Նա միշտ փորձեր էր անում և ինչ-որ նոր բան էր հորինում»։
Նա նշել է, որ Պուտինին «հաղթելու համար» պետք է դիմել նորարարական մեթոդների և դադարել ձանձրալի լուծումներ առաջարկել։
«Դուք Պուտինին չեք վնասի, եթե պարզապես ընդունեք ինչ-որ բանաձև կամ պարզապես պատժամիջոցների նոր փաթեթ։ Դա եղել է նախկինում։ Դուք չեք կարողանա հաղթել նրան, եթե մտածեք, որ նա սկզբունքային մարդ է, ով ունի բարոյական սկզբունքներ։ Նա ամենևին էլ այդպիսին չէ, և Ալեքսեյը դա հասկանում էր։ Մենք գործ ունենք ոչ թե քաղաքական գործչի, այլ արյունոտ, անողոք հրեշի հետ»,-նշել է Նավալնայան՝ հավելելով, որ Պուտինը կազմակերպված հանցավոր խմբի ղեկավարն է։
Նա Եվրախորհրդարանի պատգամավորներին կոչ է արել պայքարել կազմակերպված հանցավոր խմբերի դեմ։ Բանախոսն ընդգծել է հետաքննություններ անցկացնելու կարևորությունը, ֆինանսական խարդախությունների բացահայտումը։
«Տասնյակ միլիոնավոր ռուսներ դեմ են պատերազմին։ Նրանք դեմ են Պուտինին, դեմ են այն չարիքին, որը նա ներկայացնում է։ Պետք չէ նրանց պատժել: Դուք պետք է համագործակցություն հաստատեք նրանց հետ։ Պուտինը պետք է պատասխան տա իմ երկրին արածի համար։ Պուտինը պետք է պատասխան տա հարևան երկրին արածի համար։ Նա պետք է պատասխան տա այն ամենի համար, ինչ արել է Ալեքսեյին։ Ամուսինս երբեք չի տեսնի ապագայի գեղեցիկ Ռուսաստանը, բայց մենք պետք է տեսնենք այն։ Եվ ես ամեն ինչ կանեմ նրա երազանքներն իրականություն դարձնելու համար։ Չարը կպարտվի և կգա գեղեցիկ ապագա»-այս խոսքերով իր խոսքն ամփոփել է Յուլյա Նավալնայան: