Նախագծերի փաթեթի ընդունման նպատակը միասնական իրավաբանական հասկացությունների կիրառմամբ, առավել համապարփակ եւ համակարգված, պարզ եւ ընկալելի կարգավորումների սահմանումն է, ինչի արդյունքում ակնկալվում է ապահովել կատարողական վարույթի մասնակիցների առավել արդյունավետ պաշտպանությունը, ինչպես նաեւ կատարողական վարույթի հետ համակարգային առումով փոխկապված իրավունքի այլ ճյուղերի նպատակների առավել արդյունավետ իրագործումը: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը՝ առաջին ընթերցմամբ խորհրդարանին ներկայացնելով Կառավարության հեղինակած «Կատարողական վարույթի մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Հարցն առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ փետրավարի 28-ի հերթական նիստում:
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել կատարողական վարույթի վերաբերյալ օրենսդրության կանխատեսելիությունը, որոշակիությունը՝ նախադրյալներ ստեղծելով նաեւ օրենքի առավել ճիշտ մեկնաբանման եւ կիրառման, կատարողական վարույթի հետ կապված վեճերի արդարացի լուծման համար:
Ակնկալվում է ապահովել կատարողական վարույթի վերաբերյալ ներպետական օրենսդրության ամբողջական համապատասխանությունը Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին, Եվրոպայի խորհրդի վերահսկողական մարմինների եւ մեխանիզմների պահանջներին: Հիմնական զեկուցողի ներկայացմամբ շարունակելով Կառավարության որդեգրած՝ քաղաքացիների բեռը թոթափելու քաղաքականությունը՝ ներկայացվող փաթեթով ներդրվում է կատարողական ծախսերի հաշվարկման նոր համակարգ: Ներդրվում է նոր մեխանիզմ, համաձայն որի, եթե երկու կողմն էլ համաձայն են՝ կարող են փոխադարձ համաձայնությամբ տարաժամկետել, հետաձգել պարտավորության կատարումը, փոխել կատարման կարգը կամ եղանակը: Նախկինում այն միայն դատարանի առանձին որոշմամբ էր հնարավոր, ինչը պահանջում էր լրացուցիչ ծախս եւ հավելյալ, երկար ժամանակ: Վարույթ ունեցող քաղաքացին այսուհետ որոշ դեպքերում կկարողանա կառավարել արգելադրված գույքը՝ վարձակալության հանձնել կամ ինքնուրույն աճուրդից դուրս վաճառել արգելված գույքը` վարձավճարը եւ վաճառքի գինը վճարելով հարկադիր կատարումն ապահովող ծառայության դեպոզիտ հաշվին:
«Նախագծերի փաթեթի ընդունմամբ հնարավորություն կտրվի նոր որակ հաղորդել հարկադիր կատարմանը, ներդնել կանխատեսելի հստակ կարգավորումներ, բարձրացնել կատարման արդյունավետությունը»,- ամփոփելով ասել է հիմնական զեկուցողը:
Հարակից զեկուցող, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Դավոյանի խոսքով նախագծերի փաթեթով իրապես մեծ փոփոխություններ են իրականացվում: Նա առաջարկել է կողմ քվեարկել օրենսդրական նախաձեռնությանը: