Խորհրդարանը փետրվարի 28-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը եւ քվեարկություններով ընդունել նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները:
«Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է բժշկական արտադրատեսակների արտադրության եւ սպասարկման գործունեություն համար լիցենզավորման պահանջի վերաբերյալ սահմանված անցումային շրջանը երկարաձգելու անհրաժեշտությամբ»,- ասել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արման Գասպարյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
«Գործող օրենքով սահմանվել է անցումային շրջան, ըստ որի՝ նշված պահանջները մինչեւ 2024 թվականի հունվարի 1-ը չեն տարածվելու մինչեւ նույն օրենքի ուժի մեջ մտնելու օրը (2022 թվականի հոկտեմբերի 22) ՀՀ-ում բժշկական արտադրատեսակների արտադրությամբ կամ սպասարկմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների վրա»,- մանրամասնել է հիմնական զեկուցողը՝ հավելելով, որ սահմանվել են բժշկական արտադրատեսակների արտադրության, ինչպես նաեւ սպասարկման լիցենզավորման կարգերը: Նշված կարգերի համաձայն` բժշկական արտադրատեսակների արտադրության եւ սպասարկման համար լիցենզիաները տալիս է Առողջապահության նախարարությունը՝ փորձագիտական կազմակերպության կողմից տրված դրական փորձագիտական եզրակացության հիման վրա:
Ոլորտը կարգավորող ենթաօրենսդրական ակտերի ընդունման հետաձգումը կրճատել է տնտեսվարող սուբյեկտներին լիցենզավորման գործընթացին պատրաստվելու եւ սահմանված պահանջները կատարելու համար տրված անցումային շրջանը: Հատկապես ժամանակատար է տնտեսվարողների կողմից որակի կառավարման համակարգերի ներդրումը եւ համապատասխան հավաստագրումը, որը միջինում տեւում է 7-9 ամիս: Նկատի ունենալով խնդիրը՝ նախագծով առաջարկվում է բժշկական արտադրատեսակների արտադրությամբ կամ սպասարկմամբ զբաղվողներին լիցենզավորման պարտադիր պահանջը 2024 թվականի հունվարի 1-ից հետաձգել մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը:
Գլխադասային՝ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ ներկայացրել է հարակից զեկուցող Հռիփսիմե Հունանյանը՝ կոչ անելով կողմ քվեարկել նախագծին: