Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ռեեստրում հաշվառված 115 հազար քաղաքացիներից 113 հազարն արդեն ստացել է 100 հազարական դրամ օժանդակությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
«ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության ամենաերկարատև ծրագիրը կեցության աջակցության ծրագիրն էր, որը դեռևս իրականացվում է, այն սկսվել է հոկտեմբերին, ավարտվելու է մարտին, բայց ունենալու է նորից շարունակություն։
Մյուս ծրագրերը՝ 100 հազար դրամների աջակցության, 113 հազար մարդ ստացել են։ Հաշվառված անձանց թիվը մենք արձանագրել ենք անցման օրերին։ Իհարկե, այդ թիվը կարող էր որոշակի փոփոխություններ կրել՝ հաշվի առնելով, որ կային մարդիկ, որոնք սեպտեմբերի 25-ից առաջ էին եկել Հայաստան։
Կան մարդիկ, որոնք դիմած են եղել, այդ դիմումները չեն բավարարվել՝ Հայաստանում չգտնվելու հիմքով, հիմա որոշները դա վիճարկում են, և եթե որոշակի հիմքեր ներկայացվեն, մեր մոտավոր հաշվարկներով մոտ 900 հոգի ևս կստանա 100 հազար դրամ աջակցությունը»,- նշեց փոխվարչապետը։
Նա նկատեց, որ 100 հազար դրամների աջակցության ծրագիրն, ընդհանուր առմամբ, ավարտված է, կան որոշակի պարզելու դեպքեր, որոնք առաջիկա 1-2 շաբաթների ընթացքում իրենց պատասխանները կստանան։
«40+10 հազար դրամների ծրագիրը դեռևս շարունակվում է՝ ավարտվելու է մարտին, այստեղ ևս ունենք զգալի ցուցանիշ՝ 96 հազար շահառու է եղել հունվարին։ Այս թիվը առաջին ծրագրի շահառուներից տարբերվում է այն պատճառով, որ այս ծրագրից չեն օգտվում Հայաստանում բնակարան ունեցողները, քանզի այս ծրագիրը վերաբերում էր բնակարանային վարձավճարները կիսելուն կամ հոգալուն»,- ընդգծեց Տիգրան Խաչատրյանը։