Երևանի Թավրիզյան փողոցի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում են փրկարար ծառայությունից։
Ահազանգը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է ժամը 15:53-ին։

Դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
«Դեռևս չբացահայտված հանգամանքներում, երկհարկանի տանը տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ. մեկ տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն»,-նշված է հաղորդագրության մեջ:

Փլուզվել է տան առաջին հարկի միջսենյակային պատի մոտ 4 քմ հատվածը, վնասվել են երկրորդ հարկի պատշգամբի դուռը և պատուհանի ապակիները։
Հրդեհը մարվել է տեղի ուժերով. հյուրասենյակում այրվել է կենցաղային տեխնիկա: