Դիանա. Գ․-ն ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով 20.000 եվրոյով և 5.000 ԱՄՆ դոլարով փորձել է վաճառել երկու երեխաների։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։
Նշվում է, որ հանցագործությունը ավարտին չի հասցվել իր կամքից անկախ հանգամանքներով: Մեղադրանքի կողմը պնդում է նաև, որ, բացի այդ, Դիանա. Գ.-ն կատարել է փողերի լվացում՝ փոխանցել է հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերով գույքը, որը նպատակ է ունեցել թաքցնել և խեղաթյուրել այդ գույքի հանցավոր ծագումը և պատկանելությունը:
Ըստ դատախազության՝ Դիանա․ Գ․-ն, օգտագործելով արտերկրի՝ իրենց քաղաքացիներին որդեգրման հետ կապված օժանդակություն ցուցաբերող տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ունեցած անձնական հարաբերությունները, շուրջ 15 տարի շարունակ Հայաստանի Հանրապետությունում կատարել է օտարերկրացիների՝ հիմնականում Ֆրանսիայի և ԱՄՆ քաղաքացիների կողմից հայազգի երեխաների որդեգրում, այն է՝ համապատասխան տեղեկատվություն ստացել որդեգրման ենթակա երեխաների մասին, կազմակերպել նրանց և որդեգրման ցանկություն հայտնած անձանց հանդիպումները, նախապատրաստել և պատրաստել որդեգրման համար անհրաժեշտ փաստաթղթերը, դրանք ներկայացրել դատարան և այդ ամբողջ պրոցեսում իրականացրել ֆրանսերեն և անգլերեն լեզուներից հայերեն թարգմանություններ։
«․․․Տարիների ընթացքում իրականացրած իր այդ գործունեության արդյունքում Դիանա.Գ․-ն արհեստավարժ կերպով տիրապետել է որդեգրման գործընթացին, պահանջվող փաստաթղթերի ցանկին, ինչպես նաև սերտ-մտերիմ հարաբերություններ ձևավորել «Երևանի մանկան տուն» և «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ների տնօրենների պաշտոնը երկար տարիներ զբաղեցրած անձանց, որդեգրման ընթացակարգի հետ կապված կառավարչական լիազորություններ իրականացնող՝ ՀՀ արդարադատության և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի համապատասխան աշխատակիցների հետ, ինչի արդյունքում կարողացել է հաղթահարել այդ պրոցեսում հնարավոր խոչընդոտները և առավել սեղմ ժամկետներում որդեգրումը հասցնել իր տրամաբանական ավարտին՝ յուրաքանչյուր որդեգրման համար ստանալով ավելի քան 10.000 եվրո»,-նշվում է դատական գործի նյութերում:
Նշվում է նաև, որ 2018-2019 թվականների ընթացքում, երեխայի խնամք ստանձնելու ցանկություն հայտնած անձի հետ ունեցած պայմանավորվածության համաձայն, 20.000 եվրոյի դիմաց նախաձեռնել է Հայաստանի մանկատներում գտնվող, որդեգրել ցանկացողի ցանկությամբ՝ մինչև չորս տարեկան առողջ ցանկացած սեռի երեխայի որդեգրումը:
Դիանա․ Գ․-ն փորձել է որպես որդեգրող հաշվառված մյուս անձանցից առաջնահերթության կարգով կազմակերպել երեխայի որդեգրումը, իսկ իր կողմից՝ 20.000 եվրոյի դիմաց երեխայի փաստացի վաճառքը։
Արդյունքում՝ ամբաստանյալը Գյումրու հիշյալ մանկատան տնօրենին միջնորդել է կազմակերպել մանկատան երեխաների և որդեգրել ցանկացողի հանդիպումը՝ նրա կողմից հավանական թեկնածու երեխա ընտրելու նպատակով:
Ընտրվել է նախընտրելի երեխա, որը, սակայն, ինչպես հետագայում է պարզվել, որդեգրման ենթակա չի եղել: 2019 թվականի կեսերին մեղադրյալը որդեգրել ցանկացողին տեղեկացրել է, որ որդեգրման պրոցեսում Կառավարության կողմից նախաձեռնված փոփոխություններով առաջադրվել են լրացուցիչ իրավական գործընթացներ՝ դրանք ներկայացնելով որպես բարդություններ, ինչի հետ կապված չի կարող ավարտին հասցնել երեխայի փաստացի վաճառքը՝ հանցագործությունն ավարտին չհասցնելով իր կամքից անկախ հանգամանքներով։
Բացի այդ, Դիանա Գ․-ն 2018-2019 թվականների ընթացքում մեկ այլ անձի է գտել, ով ցանկացել է երեխա որդեգրել։ Վերջինիս հետ ունեցած պայմանավորվածության համաձայն, 5.000 ԱՄՆ դոլարի դիմաց նախաձեռնել է մանկատներում գտնվող, Ռ․ Հ․-ի ցանկությամբ՝ մինչև մեկ տարեկան առողջ աղջիկ երեխայի որդեգրումը։ Նույն պատճառներով գործն ավարտին չի հասել։
Այսպիսով, Դիանա Գ․-ն ծնողական խնամքից դուրս մնացած և Հայաստանի Հանրապետության տարբեր մանկատներում գտնված երկու երեխաների որդեգրման գործընթացը կազմակերպելու միջոցով խնամք ստանձնելու պատրաստակամություն հայտնած անձանց համապատասխանաբար՝ 20.000 եվրոյով և 5.000 դոլարով վաճառելու նպատակով, այդ հարցի շուրջ նրանց համաձայնությունն ստանալուց հետո վերջիններիս առաջադրել է մանկատների խնամքին մնացած երեխաների՝ «գնորդների» համար հնարավորինս նախընտրելի թեկնածուներ, կազմակերպել վերջիններիս հանդիպումներն այդպիսի երեխաների հետ։
«․․․Այսինքն՝ կատարել է երեխաների վաճառքին անմիջականորեն ուղղված դիտավորյալ գործողություններ, որոնք սակայն, նրա կամքից անկախ հանգամանքներով, չեն հասցվել ավարտին, քանի որ առաջինի դեպքում նախընտրած երեխան, ինչպես հետագայում է պարզվել, որդեգրման ենթակա չի եղել, իսկ երկրորդ «գնորդը» նախապատվություն չի տվել ներկայացված երեխաներից որևէ մեկի որդեգրմանը, իսկ հետագայում որդեգրման գործընթացի համար Կառավարության կողմից սահմանվել են, ըստ էության, այդ գործընթացում հնարավոր ապօրինի դրևորումները բացառող լրացուցիչ իրավակարգեր»,-նշվում է գործի նյութերում:
Բացի այդ, ամբաստանյալը, իրականացնելով օրենքով արգելված՝ որդեգրման միջնորդական գործունեություն, երեխաների վաճառք իրականացնելու համար 2016-2019 թվականների ընթացքում ստացել է ընդհանուր ավելի քան՝ առանձնապես խոշոր չափերով՝ 55.000 եվրո, 2018 թվականի նոյեմբերի 22-ից մինչև 2019 թվականի հուլիսի 11-ն ընկած ժամանակահատվածում ստացել է կրկին առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 26.050 դոլար, որոնք ձևակերպվել են որպես որդեգրման գործընթացում անհրաժեշտ ծախսեր:
Այնուհետև, իր հաշվեհամարին ստացած այդ գումարների հանցավոր ծագումը և պատկանելությունը թաքցնելու ու խեղաթյուրելու նպատակով Դիանա Գ․-ն դրանց մի մասը փոխանցել է ամուսնու՝ Տ․ Ս․-ի հաշվեհամարին՝ այդ կերպ քաղաքացիական օրինական շրջանառության քողի տակ օրինականացնելով հանցավոր ճանապարհով ձեռք բերված՝ առանձնապես խոշոր չափերով գույքը:
Բացի այդ, մեղադրյալը փորձել է օրինականացնել ևս 40.000 դոլար։ Այդ գումարի ծագման աղբյուրը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով, որպես փոխանցման նպատակ, նշվել է «փոխառություն»՝ վերջնարդյունքում օրինականացնելով հանցավոր ճանապարհով՝ երեխաների վաճառքի արդյունքում ձեռք բերված գույքը:
Գործով ներգրավված փաստաբաններից մեկը դիրքորոշում է հայտնել, որ նշված գործն ընդատյա չէ Հակակոռուպցիոն դատարանին։
Փետրվարի 19-ին նախագահող դատավոր Վարդգես Սարգսյանը որոշել է գործը, ըստ ընդդատության, փոխանցել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: