Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

Ժերար Լարշեն ողջունել է վարչապետի այցը Փարիզ և նշել, որ այն տեղի է ունենում Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի` Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու խորհրդանշական արարողության կապակցությամբ:

«Սենատի նախագահն ընդգծել է, որ այսպիսով Ֆրանսիան իր երախտիքն է արտահայտում Միսաք Մանուշյանին և նրա ընկերներին` երկրի ազատագրման գործում ունեցած անգնահատելի ավանդի համար»,–նշված է հաղորդագրության մեջ։

Լարշեն նաև շեշտել է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների կարևորությունը ու ևս մեկ անգամ վերահաստատել Սենատի լիակատար աջակցությունը Հայաստանին ու հայ ժողովրդին:

Փաշինյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևերի համար, որոնք ընդգծում են աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարությանը: Վարչապետը նշել է, որ այսօր Միսաք Մանուշյանի աճյունը Ֆրանսիայի պանթեոնում ամփոփելու իրադարձությունը ևս մեկ անգամ ընդգծում է հայ և ֆրանսիացի ժողովուրդների ոչ միայն քաղաքական, տնտեսական, պատմական, այլ նաև խորը էմոցիոնալ կապը:

Հանդիպմանը քննարկվել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության քայլերին, «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, հայ-ֆրանսիական միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել