Պաշտոնյան հրաժարավել է ստացած նվերից ու որոշում կայացրել նվերը վերադարձնել նվիրատուին

2024 թվականի հունվարից արդեն գործում է «Հանրային ծառայության մասին» օրենքում կատարված՝ հանրային ծառայողների ստացած նվերների ինստիտուտի կատարելագործմանն ուղղված փոփոխությունները: Նշված փոփոխությունների համաձայն՝ հանրային ծառայողին և հանրային պաշտոն զբաղեցնող անձին արգելվում է պաշտոնեական պարտականությունների հետ կապված որևէ նվեր ընդունել:

Iravaban.net-ն Արդարադատության նախարարությունից տեղեկանում է, որ որպես ոլորտային քաղաքականություն մշակող մարմին նախարարությունը ստացել է արձանագրություն, ըստ որի Ազգային Ժողովի ֆինանասավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանն օրերս X ընկերության կողմից ստացել է «Door» հայկական կոնյակ, որն իր կողմից համարվել է ոչ թույլատրելի և պատգամավորը որոշում է կայացրել նվերը բարեվարքության հարցերով կազմակերպչի միջոցով վերադարձրել է նվիրատուին:

Հիշեցնենք, որ թույլատրելի են միայն օրենքով սահմանված չորս խումբ նվերները (արարողակարգային, պաշտոնական այցերի ժամանակ տրվող նվերներ, կրթաթոշակ և այլն):

Ըստ օրենքի գործող կարգավորումների՝ եթե պաշտոնատար անձը ստացել է նվեր, որը ողջամտորեն կարող է ընկալվել որպես պաշտոնեական պարտականությունների հետ կապված, ապա պարտավոր է նվերի թույլատրելիության վերաբերյալ խորհրդատվական կարծիքի դիմել, և խորհրդատվական կարծիքի համաձայն նվերը թույլատրելի չլինելու դեպքում այն վերադարձնել նվիրատուին կամ համարժեք հատուցում վճարել:

Հավելենք նաև, որ կան դեպքեր, երբ հանրային ծառայողի ստացած նվերները դառնում են պետության սեփականությունը։ Արդարադատության նախարարի խորհրդական Էլինա Գեղամյանը մանրամասնում է, որ «Դրանք արարողակարգային նվերներն են, որոնք գերազանում են 60․000 դրամը, պաշտոնական այցերի, գործուղումների, միջոցառումների ժամանակ տրված նվերները, եթե արժեքը կրկին գերազանցում է 60․000 դրամը և այն նվերները, որոնք թույլատրելի չեն ստանալ՝ կապված են պաշտոնեական պարտականությունների հետ, ըստ խորհրդատվական կարծիքի դրանք անթույլատրելի են, բայց հնարավոր չէ համարժեք փոխհատուցում վճարել»։

 

 


Հրապարակումը պատրաստվել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից, գործընկերությամբ՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի, «ԲԿԳ ազգային գործողությունների ծրագրի բաց արդարադատության և հակակոռուպցիոն հանձնառությունների բազմակողմանի իրականացում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Բաց Կառավարման Գործընկերության (ԲԿԳ) աջակցությամբ՝ Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն բարեվարքության՝ Արևելյան գործընկերության համար» ծրագրի շրջանակներում։

Սույն հրապարակմամբ արտահայտված է հեղինակի՝ ԻՀԱ դիրքորոշումը, որի համընկնումը ԲԿԳ և ԵՄ դիրքորոշման հետ պարտադիր չէ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել