Առաջին նկարում ջրամանի մեջ Ներքին Հանդի գետի ջուրն է, որ մարդիկ ստիպված խմում են, օգտագործում են խոհանոցի և այլ կենցաղային կարիքների համար, քանի որ գյուղի խմելու ջրի աղբյուրներն Ադրբեջանն օկուպացրել է 2022թ. սեպտեմբերի 13-ից սկսած:
Այս մասին հայտարարություն է տարածել Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։
«2-րդ և 3-րդ նկարներում Ներքին Հանդի բնակիչներից մեկի տան սենյակի ապակին է, որ վնասվել է ադրբեջանական կրակոցից: Տունն ադրբեջանական դիրքից ուղիղ գծով 100 մետր էլ քիչ հեռավորության վրա է:
Այն պայմաններում, երբ կոնկրետ այս դեպքում Սյունիքի մարզի Կապամ համայնքի Ներքին Հանդ գյուղում մարդկանց անվտանգությունն ամբողջությամբ խաթարված է, տները, դպրոցը գտնվում են ադրբեջանական թիրախի ներքո, դրել-քննում ենք՝ արդյոք մեր զինվորականները «խախտել են ադրբեջանական զինվորների անդորրը»: Սա միայն ադրբեջանական ձեռնտու օրակարգ է:
Մենք չպետք է թույլ տանք, որ մոռացության մատնվի ու միջազգային հանրային օրակարգերից դուրս գան երկրի ու ժողովրդի նկատմամբ ադրբեջանական իշխանության շարունակվող հանցանքները»,-նշել է նա:

