«Լինում են դեպքեր, երբ տապանաքարեր են գողանում գրված, հետո մաքրում և վաճառում են: Սովորական քաղաքացին դա չի կարող անել»,- ասում է «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ տնօրեն Հրաչյա Նազարյանը:
Երևանի համայնքային գերեզմանատներում շինարարական աշխատանքների ընթացքում այլ դեպքեր էլ են բացահայտվել: Դրանք հիմնականում կատարվում են գիշերային ժամերին: Քաղաքացիները, որոնք վարպետներ են գտնում գերեզմանատեղիի նորոգման համար, հաճախ չեն էլ ենթադրում, թե ինչպես են աշխատում շինարարները: «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ը խնդիրը լուծելու համար նախաձեռնեց փոփոխություններ: Տարեվերջին ավագանին հաստատեց գերեզմանատներում շինարարական աշխատանքներ իրականացնելու նոր կարգը:
«Մենք ուղիղ պատասխանատվություն ենք կրում քաղաքացիների առջև: Գերեզմանատները պետք է ունենան որոշակի ստանդարտներ, որպեսզի նախորդ տարիների արատավոր երևույթները թույլ չտանք և ամեն ինչ լինի քաղաքապետարանի կողմից վերահսկելի»,-նշում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը:
«Ավագանու որոշմամբ գերեզմանատներում շինարարական աշխատանքներ կատարելիս պետք է համաձայնեցնել գերեզմանատան վարիչի հետ, որպեսզի կարողանան հսկողություն սահմանել: Ինչու դա արվեց, որովհետև բազմաթիվ գերեզմանատներում կանխվում են գողությունները, աղբ թափելը»,-ասում է Նազարյանը:
Նախատեսված է նաև որոշակի ժամային սահմանափակումներ՝ շինարարական աշխատանքների համար: Խոսքը մասնավորապես հուղարկավորությունների մասին է: Ժամը 20:00-ից հետո էլ գերեզմանտներ մեքենաների մուտքը չի թույլատրվում:
«Շինարարները, որ տեղյակ չեն պահում վարիչին, շինարարական աշխատանքներ կատարելիս չափերի խախտում են կատարում, իսկ դրանից հետո ասում են՝ «դե կատարվել է, թող մնա», այսինքն՝ մենք չենք կարողանում վերահսկել: Ապօրինի շինարարությունը որ կատարվում է երեկոյան ժամերին, կարող ենք դիտարկել որպես ինքնական շինարարություն և կարող են տուգանքի ենթարկվել մինչև 1.5 մլն դրամի չափով»,- նշում է ՀՈԱԿ-ի տնօրենը:
Շինարարներին փոփոխությունները մտահոգել են: Նրանց հետ հանդիպմանը ՀՈԱԿ-ի տնօրենն ընդգծեց գերեզմանատներում շինարարական աշխատանքներ կարող են կատարել բոլոր շինարարները, թեև մեծ մասն անգամ արտոնագիր չունի, միայն թե վարպետները պետք է անպայման համաձայնեցնեն վարիչի հետ:
«Մենք փորձելու ենք լուծել հետևյալ խնդիրը՝ կանոնակարգել գերեզմանատներում շինարարական աշխատանքների իրականացնելու ժամային մասը, կարգը և, բնականաբար, դա միտված է բարելավելու մատուցվող ծառայությունների որակը և թե այլ տարատեսակ կոռուպցիոն ռիսկերի նվազեցում: Ուզում եմ նաև հիշեցնել, որ գերեզմանատեղիի համար պահանջվող ցանկացած գումար ապօրինի է և քրեական էլեմենտ է պարունակում իր մեջ»,- ընդգծում է քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը:
Հենց այս նպատակով էր նաև վճարովի ծառայությունների ավելացումը: ՀՈԱԿ-ն այսօր առաջարկում է բետոնային աշխատանքներ՝ շուկայական արժեքներով: Ֆինանսական նոր հոսքերը հնարավորություն են տալիս բարձրացնել ու ընդլայնել մատուցվող ծառայությունները: