Լույս է տեսել Գերաս Բարսեղյանի հրատարակված առաջին գեղարվեստական գիրքը՝ «Լրաճարակ»-ը

«Սոկրատը կրկին նստել էր իր տան պատշգամբի հնամաշ, հազար տեղից մեխած, պատին մի կերպ հարմարեցված բազմոցին և մտքերի մեջ խորասուզված՝ հեռուներն էր նայում․․․․»,-այսպես է սկսվում  «Լրաճարակ»-ը, Գերաս Բարսեղյանի հրատարակված առաջին գեղարվեստական գիրքը։

Նախկինում հեղինակն ընթերցողին ներկայացել է բացառապես գիտահանրամատչելի ձեռնարկներով և մենագրություններով։ Վեպի վրա սկսել է աշխատել դեռևս 2021թ․։

Ըստ Գերաս Բասրեղյանի՝ «Լրաճարակ»-ը բարդ և արդիական խնդիրներ է շոշափում։ Դրանց առանցքում լրակախյալ մարդն է՝ իր ներքին վախերով և ապատիկ հակումներով։

Գլխավոր խմբագիրը Զարուհի Նիազյանն է, ով վարպետորեն գտել է բարդ խնդիրների լուծումները՝ միաժամանակ «մեկ միլիմետր» չշեղվելով վեպի բովանդակային և արժեքային գծից։

Վեպի մինչհրատարակչական փուլում հեղինակը կազմակերպել էր թեստային ընթերցումներ։ Դրանց արդյունքում շտկվել են որոշ նկատված թերություններ և բացթողումներ։ Այս հարցում խորհրդատվական աջակցություն է ցուցաբերել Արմեն Վարդանյանը։

«Լրաճարակ»-ի հրատարակման գաղափարը քաջալերել և նրա տպագրմանն աջակցել են հեղինակի ընկերները՝ Համլետ Շահբեկյանը և Գագիկ (Աշոտ) Աբգարյանը, իսկ կազմակերպական հարցերում օժանդակել է Հայկ Կիրակոսյանը

«Թեև վեպում ծանր, հաստատապես դժվարամարս իրողություններ են արծարծվում, սակայն այդ հանգամանքը ընթերցողին առանձնապես չի կաշկանդի։ Այն հետաքրքիր է և կարդացվում է «մեկ շնչով»»,-նշում է հեղինակը։

Վեպը բնութագրվում է, որպես խոհափիլիսոփայական և հոգեբանական։ Նկարագրվում է, թե ինչպես է համատարած լրաճարակի պայմաններում փոխվում մարդու վարքագիծը, հոգեկան ներաշխարհը։

Գիրքն արդեն «Բուկինիստ» գրախանութների ցանցում է։ Այն կարելի է ձեռք բերել գիրք նվիրելու օրվա առթիվ՝ հարազատներին և ընկերներին նվիրելու համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել