ՀՀ կառավարությունը և Amazon–ը պատրաստ են զարգացնել համագործակցությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենում հանդիպել է Amazon Web Services ընկերության փոխնախագահներ Մայքլ Փանքեի և Մաքս Պետերսոնի հետ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Կողմերը քննարկել են ՀՀ կառավարությանը և Amazon–ի միջև փոխգործակցությանն ու համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր, պատրաստակամություն են հայտնել ավելի ամրապնդել համագործակցությունը։

«Ներկայում ընկերությունը և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը քննարկումների և երկխոսության փուլում են: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել թվայնացման ոլորտում ծրագրերի իրականացմանն ու այդ ուղղությամբ առաջիկայում նախատեսվող համատեղ աշխատանքներին: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ թվայնացմանն ուղղված աշխատանքները ՀՀ կառավարության առաջնահերթություններից են»,– ասված է հաղորդագրությունում։

Փաշինյանը մասնակցել է նաև փակ ձևաչափով անցկացով «Թվային վստահություն և կառավարության շարունակականություն. ամպային հաշվողականությունը փոփոխվող աշխարհաքաղաքական դարաշրջանում» խորագրով կլոր սեղան-քննարկմանը:

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 16-18-ն աշխատանքային այցով մեկնել է Մյուխեն անվտանգության համաժողովին մասնակցելու նպատակով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել