«Ջերմուկ» ընկերությունը բացառում է շշի մեջ քացախաթթվի առկայությունը. պարզաբանում

«Ջերմուկ» հանքային բնական բուժիչ-սեղանի խմելու ջրի արտադրության մեջ քացախաթթու ընդհանրապես չի օգտագործվում։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ջերմուկ» Գրուպի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ «Ջերմուկ Գրուպ» ընկերության արտադրության մեջ օգտագործվում են բացառապես այնպիսի նյութեր, որոնց անվտանգությունը համապատասխանում է միջազգային ստանդարտների պահանջներին և նախատեսված են սննդի արդյունաբերության մեջ օգտագործելու համար։ Այդ նյութերի՝ ջրի մեջ ենթադրյալ մնացորդների քանակությունները, ինչպես նաև «Ջերմուկ» բնական հանքային ջրի բաղադրությունը, ըստ իրենց առկա բնութագրերի, չեն կարող առաջացնել այրվածք, այդ թվում՝ կերակրափողի։

«Ջերմուկի շշալցված ջրի արտադրությունը շարունակական արտադրական գործընթաց է՝ ամբողջությամբ ավտոմատացված փակ ցիկլով։ Իսկ նվազագույն քանակը մեկ ցիկլի դեպքում կազմում է 1200 շիշ։ Այնպես որ, եթե ստանդարտներից որևէ շեղում հայտնաբերվի, ապա այդ անհամապատասխանությունը պետք է լինի այդ ժամանակահատվածում շշալցված բոլոր շշերի մեջ՝ առանց բացառության:

Համոզված ենք, որ իրավասու մարմինների կողմից կիրականացվի դեպքի օբյեկտիվ ուսումնասիրություն, ինչի արդյունքում կբացառվի կապը «Ջերմուկ» հանքային բնական բուժիչ-սեղանի խմելու ջրի և ՌԴ–ի Վլադիկավկազ քաղաքի բնակչի հետ տեղի ունեցած ցավալի դեպքի միջև»,- ասված է հայտարարությունում։

Նշենք, որ Վլադիկավկազ քաղաքում տղամարդը «Ջերմուկ» հանքային ջրի շշով քացախ է խմել ու կերակրափողի այրվածք ստացել (ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա հիվանդանոցում մահացել է)։ Ռոսպոտրեբնադզորը դեպքից հետո հայտարարել էր «Ջերմուկ» ապրանքանիշի հանքային ջրի առանձին խմբաքանակների վաճառքի ժամանակավոր դադարեցման մասին՝ դրանց անվտանգության ստուգման նպատակով։ Սահմանափակումները վերաբերում են 2023 թվականի դեկտեմբերի 28-ին արտադրված և 2023 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2024 թվականի փետրվարի 12-ը ռուսական շուկա մատակարարված 0,5 լ ապակե շշերով ջրին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել