Երևանի ավագանու նիստի ժամանակ, անդրադառնալով տրանսպորի ուղեվարձի փոփոխության վերաբերյալ նախագծին, փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը նշեց, որ ուրախալի է, որ նախագիծը բարձր հանրային հետաքրքրության առարկա է դարձել և ակտիվ քննարկումներ կան նախագծի շուրջ։
«Սա փաստում է, որ խնդիրը առկա է և մենք արհեստածին հարց չենք քննարկում։ Այլ հարց է, որ կան այլ կարծիքներ, ինչը նույնպես շատ ողջունելի է։ Երևան քաղաքի տրանսպորտային համակարգը շատ փոփոխությունների է ենթարկվել վերջին ժամանակահատվածում։ Ուզում եմ մի բան ընդգծել՝ հաշվի առնելով վերջին քննարկումները։
Այո մենք ընդունում ենք, որ չենք կարողացել ունենալ կատարյալ կամ կատարյալին մոտ տրանսպորտային համակարգ, բայց մյուս կողմից էլ ավելի շատ չենք կարող ասել, որ ունենք այն տրանսպորային համակարգը, որի ժամանակ ձևավորվել է գործող սակագինը։ Ուստի հաշվի առնելով, որ տրանսպորտային համակարգը և ոլորտը շարունակական բարեփոխումների է ենթարկվում և ենթարկվելու է միշտ, ուստի մենք պետք է այդ փոփոխություններին համահունչ կառուցենք նաև մեր քաղաքականություն»,- ասաց նա։
Գրիգորյանը ընդգծեց, որ առկա իրավիճակը գործող սակագնային տրամաբանությամբ չի կարող շարունակվել․ «Գործող շարժակազմը մենք փոխել ենք ոչ միայն համայնքային միջոցներով։ Սա նշանակվում է, որ մեր հանրությունը, այսպես, թե այնպես, առկա տրանսպորտի համար վճարում է, վճարել է ու վճարելու է միշտ։ Հարցն այն է, թե ո՞ր մասն է վճարվելու ուղևորափոխադրումներից և որ մասը՝ համայքնային բյուջեից։
Այն շարժակազմերը, որում մարդիկ կռացած և արժանապատվությանը վիրավորող ձևով երթևեկում էին, պետք է վերացվի։ Բայց նոր շարժակազմը և նոր որակը ենթարդրում է նաև ավելի բարձր ծախսեր։ Եթե նախագիծը անգամ այս ձևով ընդունվի, մենք դուրս չենք գալու սուբսիդավորման տրամաբանությունից։ Եթե մենք չենք ուզում 10 տարի հետո կանգնենք նույն կոտված տաշտակի առաջ որ նորից չհասկանանք՝ որտեղից գումար հայթայթենք ու ուղղենք նոր շարժակազմերի ձեռբերմանը, պետք է ունենանք նոր համակարգ»,- ասաց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։