Երևանի ավագանին քննարկում է տրանսպորտի թանկացման հարցը. քվեարկությունը հետաձգվել է

Երևանի ավագանին այժմ քննարկում է տրանսպորտի թանկացման հարցը։ Նիստի սկզբում քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնեց՝ հարցը կքննարկվի, սակայն քվեարկություն այսօր նախատեսված չէ։ Տրանսպորտի թանկացման հարցը ներկայացրեց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

«Երևանի տրանսպորտային համակարգը բավական բարեփոխումների է ենթարկվել վերջին ժամանակահատվածում։ Ուզում եմ ընդգծել, որ այո, մենք ընդունում ենք, որ չենք կարող ասել՝ ունենք կատարյալ կամ կատարյալին մոտ տրանսպորտային համակարգ, բայց մյուս կողմից, թերևս էլ ավելի շատ չենք կարող ասել, որ ունենք այն տրանսպորտային համակարգը, որի ժամանակ ձևավորվել է գործող սակագինը։ Հաշվի առնելով, որ տրանսպորտային համակարգն ու ոլորտը շարունակական բարեփոխումների են ենթարկվում և ենթարկվելու է միշտ՝ մենք պետք է այդ փոփոխություններին համահունչ կառուցենք մեր քաղաքականությունը»,- նշեց նա։

Ըստ փոխքաղաքապետի՝ առկա իրավիճակը գործող սակագնային տրամաբանությամբ չի կարող շարունակվել․ «Գործող շարժակազմը, որը կար, փոփոխել ենք ոչ միայն համայնքային միջոցներով, այսօր էլ էական չափով սուբսիդավորվում է այս ոլորտը համայնքային բյուջեից։ Նշանակում է, որ մեր հանրությունը, այսպես, թե այնպես, առկա տրանսպորտային համակարգի համար վճարում է, վճարում էր նախորդ տրանսպորտային համակարգի համար և վճարելու է միշտ, հարցն այն է, թե որ մասն է վճարվելու ուղևորափոխադրումներից, որ մասը համայնքային բյուջեից, ինչը նշանակում է՝ ի հաշիվ այլ ոլորտի։ Օրինակ՝ նոր կառուցված մանակապարտեզի, նոր վերանորոգված ճանապարհի և այլն։ Տրանսպորտային համակարգի սուբսիդավորման չափը նախորդ տարվա օրինակով հասել է 7 մլրդ դրամի, և էս գումարը գնալով աճում է, որովհետև քաղաքն անընդհատ համալրում և բերում է նոր շարժակազմ»։

Նրա խոսքով՝ նոր որակը ենթադրում է ավելի բարձր ծախսեր, և անգամ այս նախագծի ընդունման դեպքում սուբսիդավորումը շարունակվելու է․ «Եթե չենք ուզում 10 տարի հետո կանգնել նույն կոտրած տաշտակի առաջ, որ նորից չհասկանանք՝ որտեղից գումար հայթայթենք, ուղղենք նոր շարժակազմերի ձեռքբերմանը, պետք է ունենանք նոր համակարգ։ Համակարգի ներդրումը փոխկապակցում ենք 171 նոր ավտոբուսների Երևան ժամանելու հետ, որը նախատեսվում է սեպտեմբերին»։

Երևանի փոխքաղաքապետը նշեց՝ ակտիվ քննարկման առարկա է դարձել սահմանափակումների հարցը, և առաջարկեց տոմսային փաթեթներից վերացնել սահմանափակումների հարցը, այսինքն՝ ուղևորությունների քանակը պետք է լինի անսահմանափակ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել