Այսօր սպանված և վիրավորված հայ զինծառայողները խոցվել են ադրբեջանական այն դիրքերից, որոնք Հայաստանի տարածքի ներսում են. Թաթոյան

Սյունիքի մարզի Ներքին Հանդում ադրբեջանական զինված ծառայողների կրակոցներից այսօր սպանված և վիրավորում ստացած հայ զինծառայողները խոցվել են ադրբեջանական այն դիրքերից, որոնք Հայաստանի տարածքի ներսում են, այսինքն՝ մեր տարածք ներխուժած վայրերից են, գրել է Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։

«Ադրբեջանական զինված ծառայողների ցանկացած ներկայություն Հայաստանի որևէ բնակավայրի հարևանությամբ կամ համայնքների միջև ճանապարհներին անօրինական է, հանցավոր։

Առավել ևս այստեղ խոսքը Հայաստան ներխուժած զինված ծառայողների մասին է։

Ադրբեջանական այս սանձարձակ պահվածքը նաև այն բանի հետևանքն է, որ Հայաստանի իշխանությունը, հանուն քաղաքական շահերի, ամեն կերպ արդարացնում էր ադրբեջանական հանցանքները, ներխուժումները, հայտարարում, թե ադրբեջանական զինված ծառայողները ներկա են իրենց տարածքներում։

Ադրբեջանական իշխանությունն էլ օգտվում էր այս իրենց նվեր մատուցած հնարավորությունից, ամրապնդում իրենց դիրքերը։ Դրան զուգահեռ էլ առաջ էին բերում խաղաղության կեղծ հայտարություններ՝ միաժամանակ խորացնելով հայատյացությունն ու թշնամանքը։

Կից հրապարակում եմ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղում մեր բազմաթիվ փաստահավաք աշխատանքների արդյունքների մի մասը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել